Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ցուցարարների բազմությունը ներխուժել է խորհրդարանի շենք։ Գրոհի հետևանքով տուժել է մակեդոնացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զորան Զաևը, ով հանդիսանում է վարչապետի պաշտոնի առավել հավանական թեկնածուն։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ցուցարարները դեմ են հանդես գալիս խորհրդարանի խոսնակի պաշտոնում նրա կուսակցությունից էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերիի ընտրմանը։ Վերջինիս թեկնածությանը կողմ էին քվեարկել սոցիալ-դեմոկրատներն ու էթնիկ ալբանական կուսակցությունները՝ խորհրդարանի 120 պատգամավորներից 62-ը։ Դա բավարար է եղել նրա ընտրման համար. անհրաժեշտ էր ստանալ ձայների կեսից ավելին։

Գրոհը կազմակերպել էին «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման մասնակիցները։ Նրանք ծեծի են ենթարկել ընդդիմության առաջնորդ Զաևին և նրա կուսակցությունից մի քանի պատգամավորների, ինչպես նաև նրանց վրա տարբեր առարկաներ նետել։

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու և պատգամավորներին շենքից դուրս գալու հնարավորությւոն տալու համար։

Ալբանական հարթակի դեմ հանրապետության մի քանի տասնյակ քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել