Նա սիրում էր կանանց:
Սիրում էր ինչ- որ տարօրինակ սիրով` հրաբորբոք, բոցակեզ, կրքոտ` կուլ տալով ամեն ինչ, ինչից հնարավոր էր հաճույք ստանալ:
Աշխատում էր երբեք խոսքեր չշռայլեր հավերժ սիրո, մինչև կյանքի վերջ իրար հետ անցկացնելու….
Իմաստ չէր գտնում:
Հարկավոր էր բաժանվել խաղաղ ու հանգիստ` առանց խղճի խայթ զգալու:
Հոգին որոշում էր բուժել նոր սիրով կամ հոգու կրակը հանգցնել մեկ ուրիշի կրքով:
Երջանի՞կ էր:
Չգիտեր, բայց գիտեր, որ հաստատ ինչ- որ մի կաթիլ չէր բավականացնում լրիվ երջանիկ լինելու համար:
Աշխատում էր ինկասատոր և լավ էր վաստակում:
Փողը միշտ երկրորդ տեղում էր, կարևորը ռիսկն էր, վտանգի դեմ հպարտ կանգնելը, արյան մեջ ադրենալինի լրացուցիչ հոսքը:
Հպարտությունը զենքն էր՝ գոտկից կախված և տղամարդուն վայել աշխատանքը:

Այսօր ծանր օր էր: Վերջին զրույցը Նաիրայի հետ:
Ինչքան էլ վստահ լիներ, ամեն դեպքում միշտ ծանր է սկսել նոր կյանք, նոր անձի հետ:
Եվ ի՞նչ պետք է ասի:
Շատ դժվար է խոսելը, համոզելը, երբ մահանում է սերը:
Առավել դժվար է լռելը և զգալը, թե ինչպես է ուրիշի ցավը զարկերակում քունքերումդ:
Երկու տարի կլինի, որ միասին էին, բայց բաժանվելու ժամանակն էր:
Ֆրանսիացիները ճիշտ են. բաժանվել նշանակում է մի քիչ մահանալ…

* * *
Սեղմեց զանգի կոճակը:
Նաիրան կարծես դեռ միջին դարերից՝ ականջը հպած դռանը՝ սպասում էր:
Դուռն անմիջապես բացվեց:
Գեղեցիկ երեկոյան զգեստը, նոր սանրվածքը, բարակ ոսկե շղթան՝ սպիտակ պարանոցին. դե ինչ, կինը կարող է ցանկացած պարագայում գայթակղել տղամարդուն:
Տարօրինակ է, որոշել է հեռանալ, բայց նրա մարմնին տիրելու ցանկությունը չի հեռանում:
Մի՞գուցե դա ցանկություն չէ, այլ մի վերջին փորձ՝ փրկելու մենակությանը կանացի փաղաքշանքներում:
Սենյակում սեղան էր գցված:
Սեղանի վրա երկու մոմ էր վառվում:
Բյուրեղապակյա բաժակներում գինի էր լցված:
Սպասում էր…
Գիտեր, որ վերջին հանդիպումն էր:
Ցանկանում էր գեղեցիկ բաժանվել: 
Նաիրան մոտեցավ ցածրիկ սեղանին:
- Դու ինձ հետ լավ ես զգացե՞լ:
Կարելի է խեղդվել այս տխուր, գեղեցիկ, միայնակ, անհատակ աչքերում:
Այո՛, ինքը լավ է զգացել:
Այդպես քաղցր լուծվել սիրելի կնոջ մեջ՝ մոռանալով ամեն ինչ աշխարհում:
Հարբել նրա բուրմունքից, նրա նուրբ ձեռքերի հպումից զգալ հաճելի թրթռոցը ամբողջ մարմնով մեկ …
Եվ հեռանում ես…
Ինչո՞ւ:
Հոգնել է ընտանիքի տղամարդու դերի՞ց, նոր զգացմունքների թարմության պահա՞նջ:
Ոչ, խաբկանք է…
Ուղղակի ազատություն է պետք, կամ մի՞գուցե չի սիրել այս կնոջը:
Նաիրայի ձեռքերը դողում էին:
Արցունքի մի կաթիլ դանդաղ իջնում էր աչքից՝ գոյությունը չպահած երջանկության ճանապարհով:
- Հնարավոր չէ՞ որևե բան փոխել, - մահացած հույսի ձայնը հասավ տեղ: 
- Կներես, ես որոշել եմ…
Կարծես մի վիրավոր թռչուն առաստաղից ընկավ գիրկը ու տեղը չգտնելով՝ սկսեց թպրտալ կրծքին, պարանոցին, այտերին, փորձ արեց շուրթերից ներս անցնելու…
- Մի՛ հեռացիր այսօր, խնդրում եմ…Այսօր մի վերջին անգամ լինենք իրար հետ:
Նայեց աչքերի մեջ ու թվաց, թե նայում է մի հեռավոր` աչքերի համար անսովոր մի անսահման տարածության:
Բարակ կտորից երեկոյան զգեստի միջից տեսավ թաքնվել չկարողացող, տղամարդու համար այդքան բաղձալի կանացի ցանկությունը:
Գրկեց Նաիրային, համբուրեց:
Ձեռքերի վրա՝ վստահ, սովոր քայլերով, տարավ ննջարան:
Այնքան դանդաղ սկսեց հանել շրջազգեստը, որ Նաիրայի տնքոցը լսվեց հառաչանքի ձևով, իսկ մատների նուրբ, առաջին իսկ հպումից լսվեց կանացի բղավոց…

Գիշերվա մութ երկնքում հատուկենտ փայլում էին աստղերն ու զարմացած նայում ներքև, թե ինչպես են այս տարօրինակ արարածները` տղամարդն ու կինը, հայտնվել խելահեղության մոլուցքի մեջ՝ փորձելով հասնել բացարձակ մոռացման խելացնոր աստիճանի…

Նա հեռացավ առավոտյան, այլևս չվերադառնալու պայմանով:
Ումից հեռանում են վիշտ է, թախիծ, կսկիծ, տրտմություն…
Ով հեռանում է դժբախտություն է, պատուհաս, դառնություն, ցավ…
Ոչինչ փոխել հնարավոր չէ…դա է կյանք կոչվածը:
Նաիրան հոգու խորքում ներել էր Նրան` Նրան , ով կարողացել էր իրեն երջանկացնել, Նրան, ով գիտեր երջանկացնելու գաղտնիքը:
…Դա է կյանք կոչվածը, կյանք, որ ապրում ես ոչ այնպես, ինչպես կցանկանայիր…
Անքննելի են Աստծո գործերը…

* * *
- Գուրգե´ն, պետք է մի բան անել, վիրահատությունն անհրաժեշտ է:
- Գումարը մեծ է, որտեղի՞ց այդքան արագ ճարեմ, հասկանո՞ւմ ես ինչ ես խոսում:
- Մի բան մտածի´ր, հո երեխային չենք կորցնելո՞ւ: Ամբողջ կյանքում չենք ների մեզ:
Գուրգենը լուռ մոտեցավ հեռախոսին…

* * *
Ինկասացիայի մեքենան սլանում էր նեղ փողոցով:
Մեքենայում երեքով էին:
- Գուրգե՛ն, ճանապարհն ինչո՞ւ փոխեցիր, դու չգիտե՞ս, որ …
Վարորդը մի պահ շուռ եկավ ու մեղավոր հայացքով նայեց հարց տվողին:
- Արսե՛ն ջան, երեկ գիշեր թոռանս են վիրահատել, մի հինգ րոպեով մտնեմ ու դուրս գամ, լա՞վ:
- Թող մտնի, ոչինչ, առաջին անգամ չէ, Արսե՛ն ջան, վաղը մյուս օրն էլ քեզ պետք կլինի, ի՞նչ է վախենո՞ւմ ես: Գումարն էլ այնքան մեծ չէ, օրը ցերեկով որ վախենանք ո՞ւր կհասնի:
- Իմ մայրն էլ է հիվանդանոցում, բայց ես…
- Դու էլ մտիր հիվանդանոց, ի՞նչ է եղել որ, ես կմնամ մեքենայում, միայն դռները մի փակեք ու տասը-տասնհինգ րոպե ունենք, պետք է հասցնեք: 
- Չէ, պատասխանատուն ես եմ, չեմ կարող, բայց մայրս սպասում է, երեկ պետք է գնայի չստացվեց…
- Դո՞ւ, ուրիշ ժամանակ մեծ-մեծ խոսում ես, վախ չունես, ադրենալինի կարոտ, ի՞նչ փոխվեց քո մեջ, մի բան ասեմ, լսեք: Մեքենայում ցելոֆանե տոպրակ կա, փողի պայուսակը փաթաթիր դիր մեջը, ձեռքդ բռնած ազատ մտիր հիվանդանոց, ո՞ւմ մտքով կանցի, որ…
- Կարելի է, Արսե՛ն ջան, երկուսով կմտնենք ու շուտ դուրս կգանք, մի տաս րոպե չէ՞: Միայն ապահովության համար զրահաբաճկոնդ հագիր ու վերջ, բա մորը սպասելով կթողնե՞ն:
- Լավ միտք է, Գուրգե՛ն, քո թոռը ո՞ր բաժանմունքում է, երկրո՞րդ, որտեղ մա՞յրս է:
- Չէ, բայց կապ չունի, իրար հետ երկու տեղն էլ կմտնենք, որ չվախենաս:
- Ես եմ վախենո՞ւմ, ձե՞ռք ես առնում: Այն էլ այս ժամին, երբ հիվանդանոցում համարյա այցելու չի լինում: Համ էլ դե գիտես ես ադրենալինի գիժ եմ, բայց սա այդ դեպքը չէ: Այսօր առավոտյան մի այնպիսի կնոջ լքեցի, որ մի ամիս էլ ադրենալինի պակաս չեմ զգա:
- Ո՞ւմ, Նառայի՞ն, դու հո չե՞ս գժվել, - զարմացած աչքերը չռվեցին Արսենի վրա:
Արսենը ձայն չհանեց: Դրամ տեղափոխող բրեզենտե տոպրակը տեղավորում էր ցելոֆանե տոպրակի մեջ:
«Չէ, չեմ լքել, այս անգամ չեմ կարող, չի ստացվում, անպայման կվերադառնամ, անպայման, գիտեմ, որ սպասելու է»:

Մեքենան մտավ հիվանդանոցի դատարկ բակը:
Մեքենայից իջան Գուրգենն ու Արսենը:
- Դուռը փակե՞մ, Կարո՛, մի տասը րոպե կդիմանա՞ս, գիտես էլի կարգ է:
- Փակի՛ր, եթե ուզում ես, բայց ինչո՞ւ, չեմ հասկանում, փողն Արսենի մոտ է, լավ, ինչպես կցանկանաս:
- Գուրգեն, դու գնա աջ, ես մենակ կգնամ, ինձ այն կողմն է հարկավոր:
- Լավ, միայն արագ, լա՞վ:
Գուրգենը շուռ եկավ ու արագ քայլերով հեռացավ:
Բակում միայն մի մարդ էր`շան հետ:
Թոկը ձեռքը բռնած՝ քայլում էր Արսենին ընդառաջ: 
Մեքենայի հետապակու միջից Կարոն տեսավ, թե ինչպես էր մարդը մոտենում Արսենին՝ ձեռքի մեջ բռնած թոկը ինչ- որ տարօրինակ շարժելով:
Մի պահ քարացավ, հետո փորձեց մեքենայի դուռը բացել ներսից, չստացվեց, մի տեսակ անհանգիստ նորից մոտեցավ ապակուն հենց այն ժամանակ, երբ մարդը բաց թողեց թոկն ու ձեռքն ուղղեց դեպի Արսենը:
Լսվեց կարծես գորգ թափ տալու մի ձայն:
Արսենն ընկավ:
«Զրահաբաճկոնով է, երևի ձև է անում»,- մտածեց ու ոտքով հարվածեց ապակուն:
Երբ կոտրված ապակու պատուհանից դուրս ցատկեց, մարդն արդեն չկար:
Չկար նաև Արսենի թևատակի ցելոֆանե տոպրակը:
Շունը լիզում էր ասֆալտին ընկած Արսենի դեմքը:
Շան վզի թոկն ընկել էր ասֆալտի վրա` Արսենի պարանոցի վերքից ավելացող արյան լճակի մեջ:

* * *
Հիվանդանոցի վեցտեղանոց պալատում միայնակ պառկած էր դժբախտ մի կին:
Նա օրերով նայում էր պատուհանից երևացող սոսիների կատարներին, որոնք քամու քմահաճույքին հանձնված՝ տատանվում էին: 
Հաճախ չգիտես, թե որտեղից, հայտնվում էին ագռավներ ու նստած ճյուղերին՝ ժամերով կռկռում էին:
Չէր սիրում ագռավներին:
Միշտ, երբ տեսնում էր նրանց, փակում էր աչքերը, բայց միևնույն է՝ նրանց կռկռոցը բաց օդանցքից հասնում էր իրեն ու սղոցում ականջները:
Կնոջը դուր էր գալիս հետճաշյա ժամանակը, երբ սկսվում էին այցելությունները:
Ճիշտ է, իր մոտ չէին գալիս, բայց պատի այն կողմից միշտ լսում էր ինչ- որ մեկին այցելության եկած մարդկանց ձայները…
«Օրվա երկրորդ կեսին կխնդրեմ բուժքրոջը կամ պատահական սենյակ մտած ինչ- որ մեկին ինձ շրջելու դեպի դուռը»:
Սպիտակ ապակեպատ դուռն իրենից ոչինչ չի ներկայացնում իհարկե, բայց այս երկու օրն այնքան էր նայել դռանը, որ գիտեր ներկի յուրաքանչյուր ճաք:
Միևնույն է, նորից կնայի երկար-երկար, որպեսզի բաց չթողնի այն պահը, երբ իր տղան կբացի ու կմտնի ներս:
Նրան միշտ էլ դուր է եկել իր տղայի հիվանդասենյակ մտնելու պահին դեմքի կարեկցող արտահայտությունը:
Այո: Շուտով կբացվի դուռը ու ներս կգա իր տղան, որը չգալ չի կարող:
Ուղղակի հարկավոր է զինվել մեծ, շատ մեծ համբերությամբ ու սպասել, սպասել համբերատար:

* * *
Մթնշաղ էր:
Նաիրան մոտեցավ պատուհանին:
Արդեն որերորդ անգամ էր փորձում պատուհանից նայելով՝ նկարել. չէր ստացվում:
Ամեն անգամ սպիտակ թղթի վրա ուրվագծվում էին Արսենի դիմագծերը:
«Կգա, անպայման կգա, չգալ չի կարող, երջանկությունից չեն փախչում, նա ինձ հետ երջանիկ էր, ես գիտեմ: Այ հիմա կնկարեմ այգու այն ծուռ աճած ծառը, որը միշտ դուր էր գալիս նրան, ու կլսեմ դռան զանգի ձայնը, ես գիտեմ…»:
Փորձեց նկարել:
Այս անգամ էլ թղթի վրա երևացին Արսենի դիմագծերը:
Պատռեց, շպրտեց մի կողմ:
Նորից մոտեցավ պատուհանին: Աչքերով մի գիծ գծեց ապակու վրա:
Վախեցավ չերևացող գծից:
Չհասկացավ ինչու:
Գլուխը հենեց ապակուն ու սկսեց լաց լինել:

Արցունքնե՞ր: 
Ոչ, դա անձրևն է: 
Ցավո՞ւմ է հոգիդ: 
Ոչ, ամեն ինչ կարգին է:
Միասի՞ն եք: 
Ցավոք, բաժան ենք արդեն:
Երազնե՞ր: 
Ինձ դրանք անհասկանալի են:
Հիշողությո՞ւն: 
Դա չես ջնջի:
Սի՞րտ: 
Կոտրված է, էլ չես կպցնի:
Մտքե՞ր: 
Դրանք ինձ հետ չեն:
Զգացմունքնե՞ր: 
Դրանք չես կարող փոխել…

Չերևացող գծից այն կողմ թափանցիկ երջանկությունն էր ու երազանքները, որոնք էլ երբեք չէին իրականանալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել