Կասպից լճի և նավթարդյունաբերությանն անդրառանալիս չենք կարող անտարբեր անցնել այն բավականին բարդ թնջուկի կողքով, որն առկա է: Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտն այսօր պատկանում է Ադրբեջանին և կազմում է այս երկրի նավթային արդյունաբերության, հետևաբար և ողջ երկրի հենքը: Այս հարցը կապված է Կասպից ծովի սահմանազատման բարդ ու հետաքրքիր խնդրին, և ուսանելի է պատկերացում կազմել, թե ինչու է այն համարվում Ադրբեջանին «պատկանող», քանի որ այս հարցը վեր է հանում «Ալիևի դոկտրինի» բնույթն ու անմիջականորեն աղերսվում է ԼՂ խնդրին և Բիշքեկյան արձանագրության տրամաբանությանը:
Ընդհանրապես, Կասպիցի սահմանազատման խրթին թնջուկն ամենևին էլ լուծված չէ, ինչպես կուզեին կարծել Բաքվում, և ինչպես համարում են Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները: Կասպիցի «միջնագծային» սահմանազատման հետ կապված Բաքվի զեղծարարությունները ԱՄՆ, Միացյալ Թագավորության և այլ երկրների հովանավորությամբ 1990-ականների սկզբին հանգեցրին Ադրբեջանի կողմից Ազերի-Չիրագ-Գյունեշլի զավթմանը, իսկ ներկայումս` Արազ-Ալով-Շարգ ու Սերդար/Քյափազ նավթադաշտի զավթման փորձերին:
Առ այսօր Կասպից ծովի կարգավիճակը սահմանող և միջազգային իրավունքի տեսանկյունից միակ վավեր փաստաթղթերը հանդիսանում են 1921, 1935 և 1940թթ. պայմանագրերը ՌԽՖՍՀ-ի (ԽՍՀՄ) և Պարսկաստանի միջև: Նշված բոլոր պայմանագրերը չեն սահմանում Կասպիցը ԽՍՀՄ-ի և Պարսկաստանի միջև զատող որևէ պետական սահման: Դրանք բոլորն ընդգծում են երկկողմ նավարկության համար Կասպիցի բացությունը, իսկ տնտեսական գործունեության համար նախատեսում են միայն 10 մղոնանոց ափեզրյա տարածք: Աստարա-Հասան կուլի վարչական սահմանագիծը ԽՍՀՄ-ը սահմանել է 1935-ին` Ներքին գործերի ժողկոմատի գաղտնի ներգերատեսչական ակտով: Հասկանալի է, որ այն որևէ կերպ միջազգայնորեն ճանաչված պետական սահման չի հանդիսանում:
ԽՍՀՄ-ն առնվազն երեք անգամ խախտել է հիշյալ միջպետական պայմանագրերի հիմնարար դրույթները. 1940-ականներին` Ադր. ԽՍՀ-ում ափեզրյա 10 մղոնանոց տարածքից դուրս հորատումների անցկացումով, 1982-ին` ԽՍՀՄ Սահմանների մասին օրենքի ընդունումով և 1990-ին` Կասպիցի ափեզրյա 10 մղոնանոց տարածքից դուրս նավթարդյունահանմանն ուղղված ծրագրերում երրորդ երկրներին հրավիրելով:
Հիմնվելով ԽՍՀՄ Նավթարդյունաբերության նախարարության 1970թ. աղավաղված քարտեզի վրա՝ 1989-1990թթ. Ադրբեջանը միակողմանի զավթել է Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտը և Հարավային Կասպիցի նավթագազային այլ դաշտեր: Ըստ էության՝ ԽՍՀՄ Նավթարդյունաբերության նախարարության 1970թ. քարտեզը որևէ կերպ չի հանդիսանում միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններ հաստատող փաստաթուղթ, ինչպես փորձում են դա ներկայացնել հայր և որդի Ալիևները կամ նրանց սատարող և Իրանը շրջափակման մեջ պահել ցանկացող ԱՄՆ հրեական լոբբիի որոշ վերլուծաբաններ: Առ այսօր Ադրբեջանը միակ մերձկասպյան պետությունն է, որն իր կողմից զավթված Կասպիցի տարածքը սահմանադրորեն հայտարարել է սեփական ազգային տարածք:
Նավթադաշտի զավթումն ընկած է «Ալիևի դոկտրինի» հիմքում, որն էլ մեծապես խրախուսվում էր ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Վրաստանի և մասնակիորեն` ՌԴ-ի ու ԵՄ-ի կողմից: Ադրբեջանի օրենսդրական մի շարք նախաձեռնություններով և 1994թ. սեպտեմբերյան «դարի պայմանագրի» ստորագրումով ավարտվեցին նավթադաշտի միակողմանի զավթումը և օկուպացիան Ադրբեջանի կողմից: Այն կոպիտ կերպով խախտում է Թուրքմենստանի և Իրանի անօտարելի իրավունքները Կասպիցի հարավային հատվածի ածխաջրածինների և այլ բնական պաշարների արդյունահանման տեսանկյունից։ 1970թ. աղավաղված քարտեզի խոտորված միջնագիծն Ապշերոնյան թերակղզու հատվածում արհեստականորեն տեղափոխված է դեպի Արևելք` նավթադաշտն ամբողջությամբ տեղակայելով «Ադրբեջանական հատվածում»: