Վերլուծելով նախորդ, մրցաշրջանը բացող Ավստրալիայի գրան պրին՝ ես անդրադարձա Ֆորմուլա 1-ում թիմային մարտավարության հերթական օրինակներից մեկին (http://blognews.am/arm/news/44700/formula-1-i-2013-tvakani-avstraliayi-gran-prii-manramasn-verlutsutyun-aleqs-enoqyani-koxmic.html): Թիմային մարտավարություն, որի շնորհիվ թիմը սատարեց Ֆեռռարիի առաջատար Ֆեռնանդո Ալոնսոյին: Այն ժամանակ Ալոնսոն իր մրցարշավային ինժեներ Անդրեա Ստելլայի հետ ռիսկի դիմեց եւ նախատեսվածից երեք շրջան շուտ գնաց փիտ-լեյն (թեեւ ըստ իս եւ համոզված նաեւ Ֆ1-ի բոլոր ստաժավոր երկրպագուների, դա ամենեւին էլ ռիսկ չէր, քանի որ նախորդ փիթ-սթոփների ժամանակ ակներեւ էր դարձել, որ անվադողերը շուտ փոխողը 1-1,5 վայրկյանի առավելություն է ստանում մրցուղում մնացողների նկատմամբ, իսկ մարտավարական այդ քայլը ռիսկային անվանելով՝ Սկուդերիան ուղղակի մամուլի, իսկ նրա միջոցով նաեւ երկրպագուների աչքերին թոզ է փչում, քանի որ արդեն առաջնության առաջին էտապում Բարրիկելլո-Շումախեռ խաղալը կարող էր զայրացնել մարդկանց): Սակայն եթե Ալբերտ պարկում գրանցվեց թիմային մարտավարության լոկ մեկ օրինակ, ապա տարիներ անց 2013 թվականի Մալայզիայի Գրան Պրին կանվանեն թիմային մարտավարության եւ պիլոտներից մեկին ակնհայտորեն ֆավորիտացնելու ամենադասական օրինակներից մեկը, որն իմ կարծիքով կարող է մեկ շարքում կանգնել այնպիսի խայտառակ մրցարշավների հետ, ինչպիսիք են Ավստրիա 2002-ն ու Գերմանիա 2010-ը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Տեղի ունեցավ հետեւյալը: Մարկ Ուեբբերը, իր թիմակցից ավելի լավ զգալով փոփոխական եղանակային պայմանները, ի տարբերություն Սեբի, դեռ ամբողջությամբ չչորացած մրցուղում որոշեց մի քանի շրջան ավել մնալ միջանկյալ անվադողերով, ինչի շնորհիվ 9-րդ շրջանին մրցուղի վերադարձավ Ֆետտելի առջեւում: Դրանից հետո երկու թիմակիցների միջեւ հեռավորությունը փոփոխվում էր ակորդեոնի սկզբունքով, այսինքն` մեկ մեծանում էր, մեկ կրկին փոքրանում: Սակայն երկրորդ փիթ-սթոփից հետո, երբ Ուեբբերը հագավ այս ուիկ-ենդին ավելի փափուկ հանդիսացող` Medium տիպի անվադողերը, ավելի կոշտ` Hard-ով ընթացող Ֆետտելն անմիջապես հասավ նրան եւ 28-րդ շրջանին անգամ խնդրեց թիմին, որպեսզի նրանք Մարկին հրամայեն ազատել ճանապարհը: Սակայն, ինչպես ես արդեն ասել եմ վերը նշած, նախորդ հոդվածումս, թիմը չէր համարձակվի նման բան ասել Մարկին, քանի որ նա իր սկզբունքները վաղուց արդեն ցույց է տվել թիմին, մասնավորապես` Թուրքիա 2010, Մեծ Բրիտանիա 2010 եւ 2011-ում: Թիմը նման հրաման չտվեց նաեւ այն պատճառով, քանի որ Սեբի պահանջից հետո, Մարկը ավելացրեց տեմպը՝ ցույց տալով շրջաններ 1:41-ի սահմաններում, ինչում նրան օգնեցին մեկ շրջանով ետ մնացող Marussia եւ Caterham թիմի պիլոտները, որոնց շնորհիվ նա հնարավորություն ունեցավ օգտագործել ետեւի հակաթեւի բացման DRS համակարգը: Ստատուս կվոն պահպանվեց նաեւ 3-րդ փիթ-ստոպից հետո, սակայն վերջին` 4-րդ փիթ-ստոպին, թիմը չգիտես ինչու առաջինը կանչեց ոչ թե առաջատար Ուեբբերին, այլ Ֆետտելին: Կրկին վերադառնամ նախորդ հոդվածիս եւ հիշեցնեմ այն, որ Ֆորմուլա 1-ում թիմը փիթ-ստոպի կանչելուց գրեթե միշտ նախապատվությունը տալիս է առջեւում ընթացողին: Մրցարշավի այդ հատվածում, երբ ընթանում էին 43-44-րդ շրջանները, թիմերն արդեն մրցուղի վիճակի մասին բավականին ինֆորմացիա եւ քաջ գիտակցում էին, որ մալազիական կիզիչ շոգի պարագայում, երբ ասֆալտի ջերմաստիճանը հասնում է մինչեւ 50-ի, անվադողերը ավելի արագ էին մաշվում, քան ցանկացած այլ մրցուղում եւ հաջողության բանալին շուտ փիթ-ստոպ անցկացնելն է: Դա ապացուցվեց հենց Ռեդ Բուլլի 2 պիլոտների օրինակում, երբ ընդամենը մեկ շրջան շուտ անվադողերը փոխելու շնորհիվ Ֆետտելը ետ բերեց այն 4,5 վայրկյանը, որը նա զիջում էր թիմակցին, մինչ բոքսեր այցելելը: Եվ անգամ չնայած թիմի այդ քայլին՝ Ուեբբերն այնուամենայնիվ տիտանական ջանքերի շնորհիվ, դեռ սառը անվադողերով, պահպանեց առաջատարությունը, սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետո... Թիմին խնդրեց պիլոտներին ռիսկի չդիմել եւ Թուրքիա 2010 մղձավանջը չկրկնելու համար չպայքարել միմյանց դեմ եւ պահպանել դիրքերը: Սակայն հենց այդ պահին Սեբաստյան Ֆետտելը, հակառակ գնալով թիմային կամրջակից եկող կարգադրություններին, մեծ ռիսկի գնալով, ինչպես 4 տարի առաջ Բարիկելլոն Հունգարիայում եւ 25 տարի առաջ Պրոստը Պորտուգալիայում, փիթ-լեյնը մրցուղուց բաժանող բետոնե պատը շոշափելով վազանցեց թիմակցին:
Մրցարշավից հետո Սեբը ներողություն խնդրեց թիմակցից, իսկ դոկտոր Մարկոն, խոստովանելով, որ իրավիճակը թիմի հսկողությունից դուրս էր մնացել, խոստացավ, որ այլեւս նման բան չի կրկնվի ( -_- ) եւ որ իրենց թիմում, ի տարբերություն Մերսեդեսի, չկան 1-ին եւ 2-րդ պիլոտներ: Համողված եմ, որ ձեզանից շատերի դեմքերին այս պահին ծիծաղ առաջացավ: Թիմը անգամ ավանդական թիմային լուսանկարում չնկարվեց: Սակայն անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի մրցաշրջանը հետագայում, հերթական անգամ կուզենայի առանձնացնել իսկական մարտիկ Մարկ Ուեբբերին:
Ինչ վերաբերում է Մերսեդեսին, ապա այստեղ իրավիճակն էլ ավելի ցավալի է: Մենք արդեն սովորել ենք Ռեդ Բուլում տեղի ունացած դեպքերին, ի վերջո այս հոդվածում բազմաթիվ անգամ նշածս Թուրքիա 2010-ում թիմը նույնն արեց, Ուեբբերին ասելով, որ ամեն ինչ կարգին է, սահմանափակելով վերջինիս շարժիչի պտույտները, իսկ հաշված վայրկաններ անց տեղի ունեցավ Ֆետտելի հարձակումը, որը սակայն այն ժամանակ, ի տարբերություն քիչ առաջ ավարտված մրցարշավի, ավարտվեց ֆիասկոյով եւ 28 միավորների կորստով: Սակայն ի՞նչ է նշանակում թիմի կազմում նախորդ երեք տարիներին մեծն Միխաել Շումախեռին գերազանցած պիլոտին թույլ չտալ վազնացել թիմի կազմում ընդամենը 2-րդ մրցարշավն անցկացնող, թեկուզ եւ աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին: Ռոսս Բրաունը այնպես էր խնդրում Նիկոյին, որ չվազանցի Լյուիսին, որ անգամ ինքը՝ թիմային ռադիոյով բազմիցս Ռուբենս Բարրիկոլլոյին նման հրահանգ տված մարդը, մրցարշավից հետո իրեն ստորացած էր զգում: Եվ ոչ իզուր: Ի տարբերություն Ռեդ Բուլլի պիլոտների՝ Հեմիլթոնի եւ Ռոսբերգի հարաբերությունները լարված չեն, եւ նրանք, Ֆորմուլա 1-ի 3000-ում լինելով թիմակիցներ, վաղուց ընկերություն են անում, եւ նրանց պայքարը դժվար թե վթարով ավարտվեր, առավելեւս, որ Սեպանգի 2 լայն ուղղաձիգները DRS-ի օգնությամբ թույլ կտային Նիկոյին վազնացել Լյուիսին: Սա իրոք խայտառակություն է, եւ եթե թիմը որոշել է այսպիսի ճանապարհով օգնել Լյուիսին տիտղոս նվաճել, ապա սա ուղղակի ամոթ է: Առավելեւս, որ անգամ Լյուիսն իրեն անհարմար էր զգում պոդիումի վրա, ինքն էլ քաջ գիտակցելով, որ ըստ արժանվույն չի զգաղեցնում այդ տեղը պատվոհարթակի վրա եւ անգամ խոստովանելով, որ իր տեղում պետք է Նիկոն կանգնած լիներ: Լյուսին կարելի է գովել այդ առումով, քանի որ նա ի տարբերություն Շումախեռի եւ Ալոնսոյի՝ երբեք չի խուսափել ուժեղ թիմակցից եւ անգամ Ալոնսոյին ու Բատտոնին զիճելուց հետո կորցրածը ետ է բերել ոչ թե թիմի ղեկավարության հետ տարած քաղաքականությամբ, այլ, ինչպես վայել է իսկական մարզիկի, մրցուղում (իզուր չէ, որ նրա կուռքը Այրտոն Սեննան է): Նախորդ անգամ ես ենթադրեցի, որ Նիկոն հեշտ հանձնվողներից չէ, եւ նա դա այսօր ապացուցեց, սակայն ես չէի պատկերացնում, որ այսքան տարիներից հետո Ռոսս Բրաունը չի փոխվել:
Վերջում անդրադառնամ նաեւ Ֆեռնանդո Ալոնսոյին, ով հրաշալի մեկնարկից հետո, չափից ավելի տարվելով Մասսայի եւ Ուեբբերի հետ պայքարով, կորցնելով զգոնությունը, չհասկացավ, որ առջեւում գտնվող Ֆետտելը այդ հատվածում դեռ թաց մրցուղում սովորականից շուտ է արգելակելու: Դիպչելով Ռեդ Բուլլին՝ Նանդոն վնասեց իր առջեւի հակաթեւը, 2-րդ շրջանի սկզբում, չգիտես ինչու չգնալով փիթ-լեյն՝ կորցրեց ամեն ինչ: Միավորային այս կորուստը, ինչպես նախորդ տարվա Բելգիայի եւ Ճապոնիայի միջադեպերից հետո, մրցաշրջանի վերջում կարող է չափազանց թանկ նստել իսպանացու վրա:
Կհանդիպենք 3 շաբաթ անց, Չինաստանի Գրան Պրիի ժամանակ, որտեղ Նիկո Ռոսբերգը վերջին երեք տարիներին գլխավորել է, սակայն միայն անցած տարի նրան հաջողվեց հաղթել: Հուսանք, որ այնտեղ նրա եւ Լյուսի պայքարը կշարունակվի արդեն մրցուղում: