Ահա եւ մեկնարկեց «Ֆորմուլա 1»-ի հերթական եւ երկար սպասված 2013 թվականի մրցաշրջանը: Արքայական ավտոսպորտի նախորդ` Բրազիլիայի գրան պրիից անցել էր ուղիղ 109 օր եւ հաշվի առնելով, որ վերը նշածս մրցարշավը երկրպագուներին տվեց պատմության ամենահետաքրքիր եւ դիտարժան էտապներից մեկը՝ նոր մրցաշրջանից սպասումները ոչ պակաս էին: Իսկ այս մրցաշրջանը նշանավոր է: Իհարկե այս տարի Ֆ1-ի կանոնակարգում տեղի չունեցան հերթական հեղափոխական փոփոխությունները, եւ թիմերի նոր մեքենաները ընդամենը նախորդ տարվա բոլիդների ավելի մոդերնիզացված տարբերակներն են: Հերթական, այս անգամ շարժիչային, փոփոխությունները կկայանան մյուս տարի, երբ մենք ներկայիս V8-երի փոխարեն կստանանք նոր V6 տուրբոշարժիչները (վերջին անգամ դա տեղի ունեցավ 2006 թվականաին, երբ մենք հրաժեշտ տվեցինք հրաշալի երգող V10-երին): Սակայն այս մրցաշրջանին բոլորը մեծ անհամբերությամբ էին սպասում նաեւ այն պատճառով, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, թոփ-թիմերի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Ուղիղ երեք տարի առաջնության 4 ուժեղագույն թիմերի կազմը (թեեւ հաշվի առնելով Մերսեդեսի արդյունքները՝ մենք միայն մեծ վերապահումով կարող ենք թիմին թոփ-թիմ անվանել) մնում էր անփոփոխ: Եվ ահա այս տարի մենք ունենք շատ կարեւոր փոփոխություն: Եթե Ռեդ Բուլլն ու Ֆեռռարին պահպանեցին իրենց նախորդ տարիների կազմը, ապա ՄաքԼառենը երկար տարիների ընդհարումներից հետո կորցրեց Լյուսի Հեմիլթոնին, ով տեղափոխվեց Մերսեդես՝ փոխարինելով Միխայել Շումախեռին:
Իսկ Ուոկինգում նրա տեղը, իհարկե ոչ առանց աշխարհի ամենահարուստ մարդ Կարլոս Սլիմի TelMex-ի միջամտության, զբաղեցրեց տաղանդաշատ մեքսիկացի` Պետեր Զաուբերի հերթական բացահայտումը դարձած Սերխիո Պերեսը: Շատերը շտապեցին Լյուիսի այս տեղափոխությունը ձախողված համարել՝ փորձելով այն բացատրել բրիտանացու հեռանկարային հայացքներով, այն է` որ մեկ տարի անց կայանալիք` քիչ առաջ նշածս փոփոխությունների ժամանակ գործարանային թիմերը շոշափելի առավելություն կստանան մյուսների նկատմամբ: Սակայն արդեն թեստերի ժամանակ երեւաց, որ Լյուիսը նոր թիմ ընտրելու հարցում չի սխալվել: Իհարկե Խերեսում կայացած մինչմրցաշրջանային թեստերի բացման ժամանակ Մերսեդեսը կորցրեց առաջին 2 օրերը, առաջին օրը` Ռոսբերգի մեքենայի վրա էլեկտրիկ խնդիրներ ծագեցին, իսկ 2-րդ օրը, թիմի նորեկ Հեմիլթոնի մեքենայի վրա` հիդրավլիկ: Սակայն թիմին հաջողվեց լուծել մեխանիկական խնդիրները եւ ի վերջո ամբողջ 12 թեստային օրերի ընթացքում Մերսեդեսի պիլոտները ըստ հաղթահարած երթահատվածի զիջեցին միայն Զաուբերի նորեկ (ի դեպ, Կարլոս Սլիմի եւս մեկ սան) Էստեբան Գուտիերեսին: Իսկ ահա ՄաքԼառենը… Ինչպես ասաց թիմի ղեկավար Մարտին Ուիտմարշը, վաղուց նա այսպիսի մղձավանջ չի ապրել: Այսօր վաղ առավոտյան կայացած որակավորման մրցումներից հետո Ուիթմարշն անգամ խոստովանեց, որ Խերեսում մեքենայի բարձր արագությունը պայմանավորված էր թիմի թույլ տված սխալով, քանի որ շասսիի հավաքման ժամանակ մեքենայի կոմպոնենտներից մեկը սխալ էր տեղադրվել, ինչը բերել էր մեքենայի` ճանապարհի հանդեպ ունեցած բարձրության նվազմանը, հետեւաբար նաեւ շրջադարձերում մրցուղու հետ ավելի լավ շփմանը, ինչով էլ պայմանավորված էր Բատտոնի՝ առաջին թեստային օրում ցույց տված լավագույն արդյունքը: Իսկ Ավստրալիան բոլորիս ցույց տվեց իրական պատկերը: Թիմը, նախորդ մրցաշրջանն ավարտելով լավագույն մեքենայով, չգիտես ինչու հրաժարվեց այն մոդեռնիզացնելուց եւ նոր մեքենան նախագծեց մաքուր էջից՝ կիրառելով նոր` ագրեսիվ մեթոդ: Ինչպես տեսանք, դա սխալ որոշում էր: Ջենսը որակավորվեց 10-րդը, իսկ Չեկոն անգամ 3-րդ սեգմենտին չմասնակցեց՝ մնալով 15-րդը: Այնուամենայնիվ, պետք է «Ֆորմուլա 1»-ից չափազանց հեռու լինել՝ մտածելով, որ ՄաքԼառենի համար մրցաշրջանը կորած է, քանի որ ոչ մի թիմ չի կարողանում մրցաշրջանի ընթացքում այս թիմի պես արագ մոդեռնիզացնել սեփական բոլիդը եւ բոլորը դրանում կհամոզվեն շուտով, ամենաուշը` մրցաշրջանի եվրոպական հատվածի սկզբում, գուցե հենց Բարսելոնայում:
Ինչ վերաբերում է Մերսեդեսին, ապա Լյուիսին, ինչպես եւ ժամանակին շատ մեծագույն պիլոտներին (օրինակ Ալոնսոյին 2007-ին ՄաքԼառեն տեղափոխվելիս եւ Բատոնին 2010-ին ՄաքԼառեն տեղափոխվելիս), սեփական ինտուիցիան չդավաճանեց: Որակավորման մրցումներում Լյուիսի արծաթե նիզակը (թեեւ իր նախկին բոլիդը նույնպես էինք անվանում :) ) որակավորվեց 3-րդը: Իսկ առաջին մեկնարկային գիծը բաժին հասավ վերջին 3 տարիների տրիումֆատորներին: Ֆետտելը նվաճեց կարիերայում 37-րդ փոուլ փոզիշնը, իսկ տեղացի Ուեբբերը ընկերակցեց աշխարհի 3-ակի չեմպիոնին, մեկնարկային առաջին գծում: Ինչպես եւ ենթադրվում էր, Կարմիր Ցլերը թեստերի ժամանակ ցույց չէին տվել իրենց իրական ուժը՝ աշխատելով սեփական ծրագրով:
Ինչ վերաբերում է մրցարշավին, ապա բացի նրա հաղթող Ռայկկոնենից կցանկանայի առանձնացնել եւս մի քանիսին: Դա նախ եւ առաջ, ըստ իս, մրցարշավի գլխավոր հերոս Ադրիան Սուտիլն է: Մեկ տարվա բացակայությունից հետո, երբ նա, Էրիկ Լյուքին շշով հարվածելու համար, ստացավ 18-ամսյա պայմանական դատվածություն, երբ նա ստիպված եղավ մրցաշրջանին հետեւել ոչ կոկպիտից, երբ նրան դավաճանեց (եկեք իրերն իրենց անունով կոչենք) սեփական ընկեր Լյուիս Հեմիլթոնը՝ չգալով դատին եւ հրաժարվելով աջակցել ընկերոջը, երբ նրան, չնայած 2011 մրցաշրջանի հրաշալի ավարտին, անարդարացիորեն փոխարինեցին այլ պիլոտով, նա ի վերջո վերադարձավ իր թիմ: Սուտիլը, ի տարբերություն առաջին տասնյակի ճնշող մեծամասնության, բավարարվեց 2 փիթ ստոպով, եւ եզրափակիչ 12 շրջանների ընթացքում նա կարող էր անգամ մինչեւ պոդիում հասնել, եթե Պիռելլիի թարմ Supersoft-ի կոմպլեկտն այդքան շուտ շարքից դուրս չգար: Նա երկար ժամանակ գլխավորում էր(!!!) մրցաշավում եւ ամենակարեւորը` ցույց էր տալիս շրջանի կայուն արդյունքներ: Իհարկե, շատերը կասեն, քանի որ նա չմասնակցեց 3-րդ սեգմենտին, նա հնարավորություն ունեցավ մեկնարկի համար ընտրել իր նախընտրած անվադողը: Սակայն նույն մարտավարությունն ընտրել էին նաեւ Մալդոնադոն, Րիկիարդոն եւ Պերեսը, ով իր ՄաքԼառենով եզրագիծն հատեց ընդամենը միավորային գոտու շեմին, մինչդեռ Սուտիլը շախմատաձեւ դրոշակը տեսավ 7-րդը՝ գերազանցելով իր թիմակից Դի Ռեստային եւ վաստակելով հույժ կարեւոր 6 միավոր:
Մրցարշավի 2-րդ հերոսը Ֆելիպե Մասսան է: Մարդ, ով ինչպես եւ գրեթե միշտ հրաշալի մեկնարկի շնորհիվ դուրս եկավ 2-րդ տեղ՝ թույլ չտալով թիմակցին վազանցել իրեն եւ անգամ ճնշում գործադրելով առաջատար Ֆետտելի վրա: Ցավոք... Շատ ցավոք, ԹԻՄԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ՆՐԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԹԻՄԱԿՑԻՆ: «Ֆորմուլա 1»-ում չգրված օրենք է, որ եթե մի թիմի 2 պիլոտներ ընթանում են իրար ետեւեից, ապա, փիթ-ստոպի կանչելուց, առավելությունը տրվում է նրան, ով առջեւում է: Ուղիղ 5 տարի առաջ, երբ բոլիդները լիցքավորվում էին, առավելությունը ստանում էր նա, ով տաքացած անվադողերով եւ թեթեւ մեքենայով հնարավորություն էր ստանում մի քանի շրջան ավել մնալ մրցուղում: Հիմա ամեն ինչ հակառակն է: Առավելությունը բոքսեր շուտ այցելողի կողմն է լինում, քանի որ վերջինս, դուրս գալով վազքուղի եւ իր բակերում ունենալով նույնքան վառելիք, ճնշող առավելություն է ստանում, շնորհիվ ավելի թարմ անվադողերի: Դե խնդրեմ կարո՞ղ եք բացատրել, թե ինչու 2-րդ փիթ-ստոպի համար թիմը 3 շրջան շուտ կանչեց ետեւում ընթացող Ալոնսոյին, ինչի պատճառով Մասսան ոչ միայն չգերազանցեց Ֆետտելին, այլ նաեւ երկար ժամանակ հայտնվեց Սուտիլի Ֆորս Ինդիայի ետեւում՝ վերջինիս գերազանցելով միայն 3-րդ փիթ-ստոպի ալիքի ժամանակ: Ֆ1-ի վաղեմի երկրպագուներն ինձ կհասկանան, սակայն բոլորին հավաստիացնում եմ, որ ցանկացած այլ թիմում նման քայլից հետո պիլոտը չէր ների թիմին, անգամ Ռեդ Բուլլի 2-րդ համար Ուեբբերը, ով, ամենից առաջ լինելով սպորտսմեն եւ տղամարդ, մի քանի անգամ արդեն թիմին (Դոկտոր Մարկոին) հասկացրել է, որ թույլ չի տա իրեն ավանակի տեղ դնել (հիշեք Սիլվերսթոուն 2010-ն ու 2011-ը): Սակայն Մասսան եւ Բարրիկելլոն միշտ էլ մարդկային հատկանիշերի զոհ են եղել:
Սակայն, չնայած իր թիմի ակնհայտ օգնությանը, անգամ Ալոնսոն չհաղթեց: Կրկին 2 փիթ-ստոպի շնորհիվ պելետոնը գլխավորեց Ռայկկոնենն իր Լոտուսով, ով սակայն, ի տարբերություն Սուտիլի, տհաճ Supersoft-ն օգտագործել էր մրցարշավի սկզբում, ինչի շնորհիվ մրցարշավի վերջում նա ընթանում էր նույնպիսի Medium-ով, ինչպես եւ ետեւում ընթացող Ալոնսոն ու Ֆետտելը, որի կյանքի տեւողությունը սակայն համապատասխանաբար 5 եւ 3 շրջանով ավել էր: Շատերը Կիմիի այս հաղթանակը կբացատրեն ոչ թե բոլիդի արագությամբ, այլ հստակ ընտրված մարտավարությամբ, սակայն բոլոր այդպես կարծողների բերանը ֆինը փակեց ֆինիշից 2 շրջան առաջ՝ ցույց տալով մրցարշավի լավագույն շրջանը: Ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ Լոտուսը, ինչպես եւ նախորդ տարի, չափազանց խնայողաբար է մաշում անվադողերը, սակայն դա տեղի է ունենում ոչ միայն տաք ասֆալտի դեպքում (օրինակ՝ նախորդ տարվա Բահրեյնը, Բարսելոնան, Վալենսիան եւ Հունգարիան), այլ նաեւ անձրեւից հետո դեռ նոր չորացած խոնավ եւ սառը մրցուղում: Եթե մեկ շաբաթ անց իր շոգ եղանակով հայտնի Մալայզիայում էլ Լոտուսի մոտ նման տենդենց դրսեւորվի, ապա այս թիմն ընթացիկ մրցաշրջանում կարող է, մեղմ ասած, լուրջ գլխացավանք դառնալ թե՛ Ֆեռռարիի, թե՛ Ռեդ Բուլլի, հետագայում նաեւ ՄաքԼառենի համար: Իսկ Մերսեդեսին Ալբերտ Պարկում լավ արդյունքի հասնելը խանգարեց հենց իր նախորդ տարիների գլխավոր գլխացավանքը` մրցարշավի վերջում, երբ մեքենան թեթեւ է, անվադողերի գերմաշվածությունը: Հետաքրքությամբ կսպասենք նաեւ ոչ միայն այս խնդրի լուծմանը, այլ նաեւ Ռոսբերգի ու Հեմիլթոնի պայքարին: Առաջին ռաունդը, հօգուտ Լյուիսի, սակայն Նիկոն զիջողներից չէ:
Սակայն եկեք չշտապենք, քանի որ Ալբերտ Պարկի արդյունքներով չի կարելի դատել թիմերի իրական ուժի մասին, որովհետեւ, նախ` սա ոչ տիպիկ մրցուղի է, իր ոչ տիպիկ ասֆալտապատ ծածկույթով, եւ հետո, որովհետեւ Մելբուրնում կայացած որակավորման մրցումներն անցան փոփոխական եղանակային պայմաններում եւ նույն Կիմին, հնարավոր է, իր Լոտուսի համար ընտրած լինի մրցարշավային կարգավորումներ՝ զոհաբերելով որակավորման էտապը (ընդամենը 7-րդ տեղ) եւ հիմնական շեշտը դնելով մրցարշավում լավ արդյունքի վրա, որին ICEMAN-ը հասավ: Շնորհավորում եմ «Ֆորմուլա 1»-ի բոլոր երկրպագուներին մրցաշրջանի բացման առթիվ: Վերջապես բոլորս կարող ենք հետեւել մեր սիրելի մարզաձեւին :)))))
P.S.
Քանի որ սա առաջնության առաջին էտապն էր եւ խոսելու շատ թեմաներ կային, հոդվածս սովորականից երկար ստացվեց: Մնացածները նման երկարություն չեն ունենա: