Թուրքիայի պատվիրակության մի մասը չի մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստերինYerkir.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Թուրքիայի նկատմամբ քաղաքական մոնիթորինգի վերականգնման որոշումից հետո թուրքական կողմի առաջին քայլը ԵԽԽՎ նիստերին չմասնակցելն է. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Yeni akit» թերթի կայքի` նշյալ որոշումից հետո Թուրքիայի պատվիրակության «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները ներկայացնող անդամները որոշում են կայացրել չմասնակցել ԵԽԽՎ լիագումար նիստի աշխատանքներին:

Որոշման մասին տեղեկացրել է Թուրքիայի պատվիրակության ղեկավար Թալիփ Քյուչուքջանը, ով ներկայացնում է ԱԶԿ-ն: Նա հայտնել է, որ իրենք խստորեն դատապարտում և չեն ընդունում ԵԽԽՎ-ի վերոնշյալ որոշումը` պատճառաբանելով, որ դրա տեքստում Թուրքիայի ինքնիշխանության իրավունքը խախտող կետեր կան:

Նշվում է նաև, որ թուրքական պատվիրակության գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (CHP-ԺՀԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (HDP-ԺԴԿ) կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են մասնակցել ԵԽԽՎ նիստերի աշխատանքներին:

Թուրքիայի պատվիրակությունը բաղկացած է 18 անդամից, որոնցից 10-ը ներկայացնում են ԱԶԿ-ն, 5-ը` ԺՀԿ-ն, 2-ը` ԺԴԿ-ն և 1-ը` ԱՇԿ-ն: 

Հիշեցնենք, որ Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից քաղաքական մոնիտորինգի է ենթարկվել 1996-2004թթ.: 

ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել  է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնել անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ-ն մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել