«Սթենդ ափ», «Ազիզյաններ», «Եղնիկների կածան», «Չեյնջ». այս նախագծերում հավաքվել է դերասանական շատ լավ և հետաքրքիր կազմ: Այս նյութում որոշեցի անդրադառնալ այն դերասաններին, ովքեր, իմ կարծիքով, համ ու հոտ են տալիս տալիս նախագծերին, որոնց շատ սիրել եմ և ովքեր, կարծում եմ, հետաքրքիր և նոր են:
Օրինակ՝ «Եղնիկների կածան» հեռուստաֆիլմում հավաքվել է շատ լավ դերասանական կազմ, ինչպես ռուսաստանաբնակ, այնպես էլ հայ դերասաններ: Ինչ եմ ուզում ասել, լավ է, որ այս ֆիլմում կան նոր դերասաններ, և հատկապես ուզում եմ նշել Աիդա Թորոսյանին, ով հայկական հեռուստատեսությունում հայտնություն էր: Գեղեցիկ արտաքինով հետաքրքիր աղջիկ, ով հրաշալի է կատարում իր դերը: Գուցե նաև խոսեմ ծեծված թեմաներից, բայց նա անգամ չի վախենում խաղալ բաց տեսարաններում, որը շատ հայ դերասանների համար տաբու է:
«Ազիզյանների» մատուցած հումորն այնքան լավն է, որ ուզում ես՝ շատ եթերաշրջաններ ունենա: Չնայած բոլոր դերասանները լավն են և կարողանում են իրենց կերպարներով ծիծաղեցնել մարդկանց, բայց շատ ուզում եմ առանձնացնել հատուկ մի դերասանի՝ 11-ամյա Ստեփան Հովհաննիսյանին, ով Ազիզյանների տան փոքրն է: Շատ հետաքրքիր դիմագծերով, խաղով, այս տղան համ ու հոտ է տալիս սիթքոմին, ու հետաքրքիր է, թե ինչպես է սիթքոմի ստեղծագործական կազմը գտել նրան: Բավականին տարբերվող երեխա է:
Սիթքոմների շարքը շարունակելով՝ անցնեմ «Չեյնջին»: Իհարկե, այստեղ հավաքվել է դերասանական լավ կազմ, բայց ինձ համար, միևնույն է, լավագույնը մնում է Հովհաննես Ազոյանը, ով ցանկացած կատակերգության մեջ պարզապես փայլում է: Այստեղ Հովհաննեսին բաժին է հասել միանգամից երկու կերպար: Այն մարդիկ, ովքեր նայում են սիթքոմը, կարծում եմ՝ համաձայն կլինեն ասածներիս հետ: Հովհաննեսը կարողանում է միանգամից մտնել այդ երկու, բայց, միևնույն ժամանակ, իրարից տարբեր կերպարների մեջ:
Վստահ եմ՝ երբ սկսում էր «Սթենդ ափ» հումորային նախագիծը, շատերը գուցե թերահավատորեն են մոտեցել այս նախագծին: Բայց թույլ տվեք նշել, որ բավականին ծիծաղելի է, և գիտեք՝ ինչն է ավելի շատ դուր գալիս, որ կազմը նոր է, երիտասարդական է: Օրինակ՝ կառանձնացնեմ Աղասիին, ով ոչ ստանդարտ հումորներ է անում և հետաքրքիր կերպար է: