Armsport.am-ը գրում է.
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ» տեղափոխված սերբ ֆուտբոլիստ Ուրոշ Նենադովիչը 3 գոլ է խփել երևանյան թիմի կազմում անցկացրած 7 հանդիպումներում:
«Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցի երկրորդ հատվածում 23-ամյա ֆուտբոլիստը պատմել է ակումբում իր նպատակների, նախընտրած խաղային դիրքի, Հայաստանի և Սերբիայի առաջնությունների խաղամակարդակի և հայերեն լեզվի իմացությունը բարելավելու ցանկության մասին:
-Ուրոշ, ինչպե՞ս կայացավ տեղափոխությունդ «Ալաշկերտ» և ի՞նչ նպատակներ ունես մեր թիմի հետ կապված:
-Ինձ հետ կապ հաստատեց ակումբի սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը`առաջարկելով միանալ «Ալաշկերտին»: Բավականաչափ խաղաժամանակ չէի ստանում «Ռադնիկում» և ցանկություն ունեի ուժերս փորձելու նոր ակումբում: Միացա «Ալաշկերտին» Անթալիայում, կարողացա ինձ լավագույն կողմերով դրսևորել, ինչից հետո պայմանագիր ստորագրեցի: Իմ նպատակն «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է:
Ցանկանում եմ հնարավորինս շատ գոլեր խփել, օգուտ բերել իմ թիմին և ուրախացնել երկրպագուներին: Կփորձեմ հաջորդ մրցաշրջանում պայքարել լավագույն ռմբարկուի կոչման համար (ժպտում է):
-Ո՞ր խաղային դիրքն է քեզ ավելի հոգեհարազատ: Սկսեցիր մրցաշրջանը եզրային կիսապաշտպանի դիրքում, իսկ վերջին խաղերում գործում ես առաջ քաշված հարձակվողի դիրքում:
-Դա կախված է նաև մրցակիցներից: Երկու դիրքում էլ ինձ լավ եմ զգում: Պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում, որտեղ մարզիչը կցանկանա ինձ տեսնել:
-Ի՞նչ կարծիք ունես Հայաստանի առաջնության վերաբերյալ: Կարո՞ղ ես համեմատել մեր առաջնությունը Սերբիայի Սուպերլիգայի հետ:
-Ամեն առաջնություն իր առանձնահատկություններն ունի: Միգուցե, Սերբիայում ավելի շատ են ուժեղ ֆուտբոլիստներն ու ակումբները, սակայն պետք է նշեմ, որ Հայաստանի առաջնությունն էլ բավականին լավ խաղամակարդակ ունի: Ինձ այստեղ դուր է գալիս:
-Հավանու՞մ ես Երևանը:
-Այո, ես և ընտանիքս արդեն հարմարվել ենք այս քաղաքում: Մենք շատ ենք հավանում Երևանը:
-Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար այն հանգամանքը, որ «Ալաշկերտում» հանդես ես գալիս երկու հայրենակիցներիդ հետ միասին:
-Իհարկե, շատ հաճելի է, որ կարող ես շփվել հայրենակիցներիդ հետ: Չնայած նրան, որ լեզվի հետ կապված մեծ խնդիրների չենք հանդիպում, քանի որ այստեղ բոլորը տիրապետում են ռուսերենին, փորձում եմ նաև հայերեն սովորել:
-Ի՞նչ բառեր գիտես հայերեն:
-«Բարև Ձեզ», «գնացինք»...(երկար մտածում է)...ու էլի մի քանի բառեր (ծիծաղում է):