Ճանաչված ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը զրուցել է իր կյանքի, մասնագիտության ընտրության, դստեր հետ կապված երազանքների և այլնի մասին:
Օրը
«Կիրակի օրերը շատ եմ սիրում երկար պառկել, երբ ուզեմ քնել, քնեմ, երբ ուզեմ արթնանալ,արթնանամ... Ամեն օրս փորձում եմ սկսել շատ դրական։ Նախաճաշը պարտադիր է։ Սիրում եմ իմ պատրաստած սուրճը, դրանով էլ սկսվում են դրական լիցքերը: Ակամայից մի միտք կա, որ բոլոր մեզ շրջապատող մարդիկ առողջ լինեն։Իմ ամենաչսիրած բանը լճացումն է, ռեգրեսը տանել չեմ կարողանում իսկ լճացումը շատ մոտ է դրան: Թեկուզ շատ քիչ, բայց սովորում ես ինչ որ բաներ ամեն անգամ, առաջ ես գնում: Քչով էլ չեմ բավարարվում, ուզում եմ անընդհատ զգալ առաջընթաց, եթե մի օրվա ընթացքում ինչ որ բնագավառում նոր բան չեմ սովորում, համարում եմ օրը ձախողված է:Գոնե մի ֆիլմ պետք է նայեմ, որ ասեմ անօգուտ չանցնի օրս»:
Սպորտին՝ բարև
«Սպորտային աշխարհ մուտք գործել նպաստել է ընտանեկան աուրան, հետո, եթե չսիրեի, դուրս կգայի, բայց հասկացա, որ Հայաստանում դա այն սպորտաձևն է, որով կարող եմ բարձունքների հասնել... սկսել մի գործ՝ նախորոք մտածելով, որ ձախողելու ես, հիմարություն է: Պետք է լուրջ վերաբերվես լուրջ արդյունքներ գրանցելու համար: Իմ դեպքում կար նաև բնածին տաղանդը, աշխատասիրությունը, կար լուրջ մասնագետ՝ հայրս, կողքիս կանգնած: Հետո հասկացա, որ ըմբշամարտը տղամարդ է ձևավորում. եթե տղաները գնում են բանակ տղամարդ դառնալու համար, ես սրա մեջ եմ արդեն 20 տարի: Սովորեցնում է կյանք, ինչ է մարզիկը, ընկերը, հարգանք ես սովորում․ նաև ինքդ քեզ ես սկսում հարգել։ Այդ ամենը կա նաև մյուս սպորտաձևերում, բայց ըմբշամարտում ընդգծված է»:
Համալսարանական կյանք
«ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում եմ սովորել։ Ժամանակը ցույց տվեց և ես էլ համոզվեցի, որ եղած բոլոր մասնագիտություններից ամենաճիտն եմ ընտրել, այդ հարցում շատ հաջողակ գտնվեցի: Ընտրել եմ ճիշտ ԲՈՒՀ՝ ԵՊՀ-ն և ճիշտ մասնագիտություն: Դասախոսներս լավն են եղել և՛ որպես մասնագետ, և որպես մարդ, մինչև հիմա առիթը բաց չեմ թողնում նրանց հետ շփվելու: Սպորտում մասնագիտության օգնության մասին էլ ասեմ՝ գիտելիքն ամեն տեղ էլ օգնում է: Մասնագիտությունս ավելի պետք կգա պրոֆեսիոնալ սպորտից հետո, որևէ սպորտային միջազգային կազմակերպությունում ներգրավվելու՝ համատեղելով և՛ մասնագիտությունը, և՛ սպորտը: Դա քաղաքական միջազգայնագիտությունից ավելի հետաքրքիր է»:
Օտար ափեր
«Շատ եմ սիրում ծովափնյա երկրներ, լատինոամերիկյան հատկապես: Ամենինչը սիրում եմ՝ մշակույթը, լեզուն, ապրելակերպը, մենթալիտետը, ամեն ինչը հոգեհարազատ է: Միգուցե նախորդ կյանքում այնտեղ եմ ապրել: Շատ ուրախ են մարդիկ, թեթև: Բայց վերջին ժամանակներում շատ հարազատ է դարձել Գերմանիան, քանի որ այնտեղ շատ եմ գտնվում: Եթե այսօր մի քանի ճիշտ պետություն կա, ապա դրանցից մեկը Գերմանիան է, բացի էմիգրանտների մեծ թվից ամեն ինչ շատ լավ է, լավ է կառուցված»:
Հիասթափություններ
«Հիասթափություններն անխուսափելի են։Եթե մեկը կասի, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում չի հիասթափվել, կարելի է չհավատալ, որովհետև ամեն բան իր բարդություններն ունի: Ըմբշամարտում անհնար է անընդհատ հաղթել, դիմանալ ծանրաբեռնված մարզումներին։ Գալիս է պահ, երբ ուղակի հոգնում ես այդ ամենից, դրան գումարվում է պարտություն. ինչ-որ պահի ասում ես, որ էլ չես ուզում:Բայց մյուս կողմից էլ առանց այդ ամենի անհետաքրքիր կլիներ»:
Որպես դասախոս
«Ես ապրում եմ դրանով. դասավանդելով անընդհատ տեսնում եմ իմ թույլ կողմերը, որոնց վրա պետք է աշխատել, կատարելագործվում եմ, փոխանցում եմ իմ գիտելիքները նոր սերնդին, նաև՝ հակառակը: Նույնիսկ որոշել եմ մինչև դասավանդելս հատուկ դասավանդման կուրսեր անցնել, որ կարողանամ լսարանս ճիշտ պահել: Դա զարգացման մի ձև է, ինչին է պետք ոչինչ չանող մարդը, դառնում է բույս: Չեմ սիրում պարապ մնալ, դա դարձել է կյանքի մի մաս»:
Այլ զբաղմունքներ
«Սիրում եմ արվեստ, սկսած ֆիլմ դիտելուց մինչև հանդիպումներ արվեստի ներկայացուցիչների հետ, լսել նրանց մասնագիտական նրբությունների մասին կարծիքներ, գնալ թանգարաններ անպայման՝ մանավանդ օտար երկրներում։ Ակտիվ կյանքն եմ սիրում՝ ճանապարհորդել, հածանիվ քշել, դահուկներ, թենիս, լող»:
Մարդկանց ճանաչելու հմտության մասին
Առաջին տպավորություն դրական թողնում է ժպտացող մարդը, այնպես որ պետք է շատ ժպտալ:
Սովորությունների մասին
«Եթե գիտես, որ վատ սովորություն ունես և շարունակում ես, արդեն տարօրինակ է: Մտերիմներս սովորաբար բողոքում են, որ չափից շատ խիստ եմ, կամ ճշտասեր, դաստիարակությունից է դա էլ գալիս, եթե ասել ես մի բան՝ արա, վերցրել ես ինչ որ բան՝ դիր տեղը: Շեղվելու տեղ չկա, սկսած մանրուքներից մինչև հանդիպումներ: Շատ կոնկրետ եմ. Գերմանիան էլ է թողել ինձ վրա հենց այդ տպավորությունը»:
Ներելու մասին
«Նայած ինչն եմ ներում: Շատ լուրջ դեպքերում, եթե նույնիսկ ցույց տամ, թե ներել եմ, միևնույնն է մի նստվածք թողնում է: Արարքներ կան, որ չես կարող ներել. ինչպես ներել դավաճանությունը, սուտը.. կարող ես ցույց տալ թե մոռացանք, անցանք բայց մեկ է՝ նստվածքը մնում է. կոտրվում ես»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



