Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքից Աոշիմա կղզի նավով կարելի է հասնել ընդամենը 20 րոպեում: Չնայած կղզում մոտավորապես 50 մարդ է ապրում, որոնց մեծ մասը ձկնորսներ են, այն դարձել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը: Ինչո՞ւ։ Կղզին լի է կատուներով:

Աոշիմային հաճախ անվանում են «Կատուների արքայություն» կամ ուղղակի «Կատուների կղզի»: Ըստ քանակի՝ այնտեղ ամեն մեկ մարդու համեմատ կա 6 կատու, այսինքն՝ կատուները մարդկանցից վեց անգամ շատ են: Կղզում ապրող կատուների հասարակությունն ունի հիերարխիկ բնույթ. որձերը կռվում են տարածքի համար, իսկ էգերը՝ ուտելիքի:

Այնուամենայնիվ, կղզում ապրող վայրի կատուներն ավելի կարճ կյանք ունեն, քան տնային պայմաններում ապրողները: Ի տարբերություն վերջինների, ովքեր ապրում են միջինում 15 տարի, կղզու կատուներն ապրում են ընդամենը 3-5 տարի:

Իսկ կենդանաբան-հետազոտողներն ու ակտիվիստները պնդում են, որ կղզու պայմաններն ամենևին էլ արքայական կամ դրախտային չեն, ու հենց կղզու պատճառով է, որ կատուները սովից կամ վարակներից սատկում են:

Աոշիմա կղզին միակը չէ երկրում, քանի որ նմանատիպ ևս 11 կղզի կա Ճապոնիայում, ուր գերիշխում են կատուները: Շատերին է հուզում այն հարցը, թե ինչպես են այդ կենդանիները հայտնվել բոլոր կողմերից ծովերով շրջապատված կղզիներում, քանի որ նրանք այդքան էլ լավ լողորդներ չեն: Ամենահավանական վարկածն այն է, որ ձկնորսներն են իրենց հետ նավով բերել, որպեսզի կարողանան ազատվել մկներից, բայց կատուները հետագայում բազմացել են ու ստեղծել իրենց թագավորությունը:

Ճապոնիայի իշխանություններին այս խնդիրը շատ է մտահոգում, քանի որ կատուների մեծ քանակի պատճառով որոշ թռչնատեսակներ անհետացման վտանգի եզրին են հայտնվել, բազմաթիվ համաճարակներ են տարածվել և այլն: Հենց այդ պատճառով միայն 2012 թվականին մասնագետները ստիպված եղան ընդհանուր 120.000 կատվի քնեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել