Սոցիալական ցանցերն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում են նաև որպես քարոզչական մեխանիզմ: Հայաստանում նույնպես վերջին շրջանում քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս ճիշտ օգտագործել սոցկայքերի ներուժը: Առհասարակ, ամեն բան պահանջում է պրոֆեսիոնալիզմ՝ լինի դա հագուստի վերանորոգում, ասեղնագործություն, թե քաղաքականությամբ զբաղվել: Սոցիալական ցանցերը որպես քարոզչական գործիք օգտագործելը նույնպես որոշակի նրբություններ է պարունակում, որոնք տրորելու դեպքում կա՛մ կձախողվի արշավը, կա՛մ թեկնածուն կամ կառույցը կվերածվի շարքային սպամեռի, կա՛մ պարզապես արդյունավետությունը չափազանց քիչ կլինի:
Երևանի քաղաքապետի «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում՝ հատկապես սելֆիի փայտիկ գնելուց հետո, բավականին ակտիվացել է ֆեյսբուքյան տիրույթում: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլն արդեն լուրջ կախվածություն է ձեռք բերել սոցիալական ցանցերից: Այսօր էլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել է. «Վարչական առնվազն երկու շրջանի ղեկավարի պաշտոնում կնշանակեմ քաղաքացիների առաջարկած թեկնածուներից»։ Իսկ որտե՞ղ են քվեարկելու: Այո, դուք ճիշտ գուշակեցիք, ֆեյսբուքյան պոստի քոմենթներում:
Հարգելիներս, մեկն ու մեկդ Նիկոլի ձեռքից վերցրեք սելֆիի փայտիկը: Երևանի վարչական շրջանի ղեկավարներն ընտրվում են ֆեյսբուքի միջոցով: Այս տեմպերով եթե գնա, և Աստված չանի, Նիկոլը դառնա քաղաքապետ, չի բացառվում, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ եթերների ու քոմենթների միջոցով քննարկվեն որոշումները: Օրինակ՝ «Էրեխեք, Լոնդոնի քաղաքապետի հետ հանդիպման եմ, առաջարկումա համագործակցություն: Ի՞նչ ասեմ, քոմենթներում գրեք էլի»: