Համաձայն Foreign Policy ամսագրի և Fund for Peace կազմակերպության կողմից հրապարակվող «Խափանված երկրների ցանկը» վարկանիշային գնահատականների` Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգին բնորոշ են տնտեսության առանձին ոլորտների անհավասարաչափ զարգացման, քրեականացման և պետական կառույցների ապալեգիտիմացման, ինչպես նաև կլանային խմբավորումների ազդեցության բարձր ցուցանիշներ` տարածաշրջանի երկրների մեջ ամենաբարձրներից մեկը: Նման գնահատականներ է ներկայացնում նաև հայտնի Միջազգային ճգնաժամային խմբի` Ադրբեջանի վերաբերյալ 2010թ. սեպտեմբերին հրապարակված զեկույցը:
Քիչ չեն նաև տարատեսակ վարկանիշներ կազմող և հրապարակող կառույցները, որոնք Ադրբեջանին «շնորհում» են բավական բարձր գնահատականներ: Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից կանոնավոր կերպով հրապարակվող երկրների մրցունակության ամենամյա տեղեկատուներում, որտեղ գնահատվում են երկրի մրցունակության ցուցիչները: Այս տեղեկատուներում անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ներկայանում է որպես տարածաշրջանային առաջատար երկիր և իր ցուցանիշներով գերազանցում է նույնիսկ որոշ եվրոպական ու ասիական զարգացած երկրների: Դա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ ՀՏՖ փորձագետները չափազանց բարձր են գնահատաում Ադրբեջանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և պետբյուջեի կատարողականը:
Ընդհանրապես` ՀՏՖ այս հաշվետվությունների՝ Ադրբեջանին նվիրված հատվածն անհնար է կարդալ առանց ջղային ծիծաղի, մանավանդ հանրային նշանակության ենթակառուցվածքների մասով: Հատկապես ուշագրավ է հետևյալը. նավահանգստային ենթակառուցվածքների մասով Ադրբեջանի «մրցակցային» գնահատականը ՀՏՖ 2011թ. տեղեկատուում կազմել է 4.0 (78-րդ տեղն աշխարհում), իսկ Հայաստանինը` 3.0 (127-րդ տեղն աշխարհում): Բանն այն է, որ ՀՏՖ փորձագետներն Ադրբեջանը համարում են ցամաքային երկիր այնպես, ինչպես Հայաստանը, Մոնղոլիան կամ, ասենք, Նեպալը: Ստացվում է` փորձագետները Կասպիցը համարում են ոչ թե ծով, այլ «ներքին ջրավազան», որի վրա չեն տարածվում Ծովային օրենսգրքի միջազգային նորմերը:
Սա լրջագույն խնդիր է: Դրա արժեքն Ադրբեջանի համար կազմում է մոտ $200 մլրդ: Բանն այն է, որ 1990-ականների սկզբին Ադրբեջանը (մասնակիորեն` նաև ՌԴ-ն) Արևմուտքի և ԱՄՆ հովանավորությամբ հենց այսպես մեկնաբանեց Կասպիցի կարգավիճակը: Արդյունքում «Ալիևի դոկտրինի» շրջանակներում Ադրբեջանը տիրացավ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթային գերդաշտին: Հենց այսպիսի մեկնաբանումն Իրանին զրկեց Հարավային Կասպիցում իր հատվածն ունենալուց. այդ երկիրը մինչ այժմ բավարարվում է ԽՍՀՄ НКВД-ի 1935թ. գաղտնի ներգերատեսչական ակտով սահմանված Աստարա-Հասան Կուլի վարչական գծով:
Հարկ է ընդգծել, որ երկրների վարկանիշներն արժեքավոր են, և դրանց կազմումն իմաստ ունի, եթե դրանք պատկանում են միևնույն արժեհամակարգային դաշտին և ձևակերպված են ուղիղ կերպով: Օրինակ` միանգամայն հասկանալի են մամուլի կամ տնտեսության ազատությունը կամ կոռուպցիայի աստիճանը գնահատող Freedom House, Heritage Foundation և Transparency International կառույցների վարկանիշային գնահատականները: Նրանք հենվում են միևնույն` արևմտյան ժողովրդավարության մոդելի արժեհամակարգի վրա: Հասկանալի են նաև երկրների այն վարկանիշային գնահատականները, որոնք հենվում են ուղիղ ձևակերպված բաղադրիչների գնահատման վրա, օրինակ` ժողովրդագրական ցուցանիշներ, ռազմական ծախսեր, պատժիչ համակարգում գտնվող մարդկանց քանակ, լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվ և այլն: Եվ նույնիսկ այս դեպքում հնարավոր են տարբեր բարդություններ ու տարակարծություններ:
Միաժամանակ վարկանիշային գնահատականները կարող են կորցնել իրենց որոշակիության զգալի մասը, եթե գնահատվում են ոչ հատու ձևակերպված հասկացություններ, օրինակ՝ երկրի «ուժեղությունը», «փխրունությունը», «լեգիտիմությունը» և այլն: Շատ կարճ ժամանակում դրանք դառնում են պարզապես անհասկանալի և անիմաստ՝ համադրելով որակապես տարբեր տիրույթների ցուցանիշներ, միանգամայն անհամատեղելի մեծություններ: