Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր կնշանակի երեք անկախ փորձագետի՝  կառույցի որոշ անդամների նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները հետաքննելու համար. նրանք  կասկածվում են ադրբեջանական իշխանություններից խոշոր գումարներ ստանալու համար: Այս մասին հաղորդում է contac.az ադրբեջանական կայքը:
 ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մեղադրվում են պաշտոնական Բաքվից կաշառքներ ստանալու մեջ, ինչի դիմաց պարտավորվել են կանխել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը դատապարտող բանաձևի ընդունումը: «Caviargate» անվանումով հայտնի սկանդալը ծագել է ԶԼՄ-ների կողմից հրապարակումներից հետո, որոնց համաձայն՝  2013 թվականի հունվարին ԵԽԽՎ որոշ անդամներ և նախկին անդամներ կաշառվել են պաշտոնական Բաքվի  կողմից՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին դեմ քվեարկելու համար:
 Ավելի վաղ The Guardian բրիտանական պարբերականը հաղորդել էր, որ մարդու իրավունքներով զբաղվող Եվրոպայի ամենահին կառույցներից մեկը` Եվրոպայի խորհուրդը, առաջիկա շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ հետաքննություն կսկսի` կապված քվեարկության արդյունքների կեղծման մեղադրանքների հետ, որը կառույցի հեղինակությունը դնում է կասկածի տակ:  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձրաստիճան երկու պաշտոնյաներ The Guardian-ին հայտնել են, որ ԵԽԽՎ անդամներին Ադրբեջանի օգտին քվեարկելու համար կաշառք է առաջարկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել