Картинки по запросу iranԻրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրաքում, Սիրիայում, Եմենում ու Բահրեյնում ստեղծված ճգնաժամերը չունեն ռազմական լուծում։
Զարիֆի հայտարարությունը կրկին ընդգծում է իրանական շահերի այն տարածաշրջանը, որը փորձագիտական, քաղաքական շրջանակներն անվանում են «շիայական առանցք» կամ «շիայական շղթա»։ Արևմտյան ուժային կենտրոններն ու «ուղեղային կենտրոնները» մտահոգություն են հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ Իրանը իր գերիշխանությունն է հաստատել Սիրիայում, Իրաքում, Եմենում և Բահրեյնում`հենվելով տեղի շիայական համայնքների, իրանամետ ուժերի ու Ալ-Կոդսի կողմից ստեղծված տարբեր ռազմա-քաղաքական միավորումների վրա։

Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա-քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։

Սիրիան ու Հզբոլահը Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը` Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։
Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։
Պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։
Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների` Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել, այսպես կոչված, «շիայական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Ինչ վերաբերում է Իրաքին, ապա Սադամ Հուսեյնի օրոք առանցքային դերակատարում պետական, ուժային համակարգերում ունեցել են սունիները. այժմ շիաներն ունեն զգալի դերակատարում ու թելադրող ուժ են համարում շիաբնակ շրջաններում։ Իրաքում գտնվող շիայական սրբավայրերի դեմ ուղղված ցանկացած գործողություն սունիական խմբերի, ԻՊ-ի կողմից Իրանում կդիտվի որպես «կարմիր գծերի» խախտում ու Իրանը իր հատուկ ջոկատայիններին կուղարկի այդ սրբավայրերն ու տեղի շիայական համայնքների անվտանգությունն ապահովելու համար։ Իրանի տնտեսական ներկայությունը նույնպես զգալի է Իրաքում. իրականացվում են էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, Իրանը Իրաքի տարածքով ցանկանում է երկաթգիծ կառուցել դեպի Սիրիա ու Միջերկրական ծով։

Եմենում Ալ-Կոդսն ու իրանական այլ հատուկ ծառայություններ ֆինանսական, ռազմա-քաղաքական աջակցություն են ցուցաբերում հոուսիտներին, որոնք պայքարում են Արաբական կոալիցիայի դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ու բավականին մեծ հարվածներ են հասցնում Էռ-Ռիյադին ու նրա Ծոցի դաշնակիցներին։ Հոուսիտները հարվածի տակ են պահում Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ, ինչպես նաև սպառնում են խախտել նավագնացությունը Բաբ-էլ-Մանդեբիի նեղուցում։ Հոուսիտներն Իրանի համար նույն դերակատարումն ունեն Սաուդյան Արաբիայի դեմ, ինչ Հզբոլահն Իսրայելի։

Ինչ վերաբերում է Բահրեյնին, ապա այնտեղ իշխող սունիական թագավորական տունը հենվում է սաուդյան ու ամերիկյան (Մանամայում է գտնվում ամերիկյան 5-րդ նավատորմի կայանատեղին ուժերի վրա), շատ դեպքերում անտեսելով տեղի շիա մեծամասնության շահերը, ինչն էլ առաջացնում է վերջիններիս դժգոհությունը։ Բահրեյնը մեղադրում է Իրանին ներքին գործերին միջամտելու մեջ, իսկ Իրանը Բահրեյնի կառավարությունից պահանջում է պաշտպանել տեղի շիաների իրավունքներն ու ավելի մեծ ներկայացվածություն ապահովել պետական, ուժային և այլ համակարգերում։

Այսպիսով՝ Իրանն ամեն ինչ անելու է Մերձավոր Արևելքում «շիայական աշխարհի» պաշտպանության համար` շարունակելով ռազմական, ֆինանսական ու քաղաքական աջակցությունն այնտեղ, որտեղ տեղի շիաների շահերը կոտնահարվեն, ու նրանք կխնդրեն Թեհրանի օգնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել