Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը:
«Մեր ժողովուրդների հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Այսօր էլ հայ-հնդկական քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը: Այս տարի նշում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Չնայած մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին՝ տնտեսական համագործակցության ոլորտում դեռ շատ անելիքներ կան, քանի որ առկա է մեծ ներուժ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն, միաժամանակ, անհրաժեշտ համարելով շարունակել համագործակցությունը մյուս բոլոր ներուժ ունեցող ոլորտներում: Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի: Վարչապետի դիտարկմամբ, այն մեծ ներուժ ունի որպես բիզնես ծրագիր, և դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից: Կարեն Կարապետյանը կարևորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ:
«Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաև հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական և ժամագործական «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը: Այդ առումով, վարչապետը կարևորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման և մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը: Հեռանկարային է համարվել նաև սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը: Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաև Հնդկաստանը և ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ և Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների ջերմ, բարեկամական հարաբերությունները: «Մեր երկրները հարաբերությունների յուրաքանչյուր փուլում գտել են համագործակցելու նպատակներ, ուղիներ, և այն, ինչ եղել է անցյալում, կշարունակվի նաև հետագայում: Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է և մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով:
Հնդկաստանի փոխնախագահի խոսքով, հայ-հնդկական հարաբերությունները վաղեմի են, բարիդրացիական, խոստումնալից և Հնդկաստանը բաց է, պատրաստակամ՝ լիարժեք համագործակցելու Հայաստանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությանը, ինչն առևտրատնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացման լավ միջոց կարող է լինել, վիզային ռեժիմի դյուրացմանը, հայ-հնդկական բիզնես ֆորումի անցկացմանը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի:
***
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հնդկաստանի մանր, փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով պետնախարար Գիրիռաջ Սինգը:
Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:
Ի պատիվ Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի անունից կտրվի պաշտոնական ճաշ:

Նյութի աղբյուր՝ http://gov.am/am/news/item/12944/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



