Tert.am-ը գրում է.
 Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդը Ֆրանսիայում բնակվող հայ համայնքին ցուցում չի տվել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին առաջադրված թեկնածուների ընտրության հարցում։ Անդրադառնալով ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահի ընտրությունների առաջին փուլին՝ Tert.am–ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը։
 «Դժվար է, ես չեմ կարող ճիշտ պատասխանել, դժբախտաբար, և մենք կսպասենք, որ հայ համայնքն ինքնուրույն ընտրություն կատարի: Այս իսկ պատճառով ցուցումներ չենք տվել: Բայց հայերն էլ տեսնում են, որ գրեթե բոլոր թեկնածուները շատ մոտ են Հայ դատին, հայկական սպասումներին: Եվ սա կարևոր է, որ մենք որոշեցինք, որ ամեն մարդ ինքնուրույն կատարի իր ընտրությունը, թող իրենք որոշեն իրենց շահերը: Մեզ համար իբրև կառույցի կարևոր է, որ բոլոր թեկնածուները ճանաչում են և գիտեն այս խնդիրը»,- ասաց Արա Թորանյանը:  
 Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում նախագահական ընտրություններին առաջադրված 11 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում է 4–ի միջև. Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոն, Ֆրանսուա Ֆիյոն, Ֆրանսիայի ազգային ճակատը ներկայացնող Մարին Լը Պեն և Ժան-Լյուկ Մելանշոն:
 Նրանցից յուրաքանչյուրը պաշտոնական քարոզարշավի ժամանակ բավական հիշարժան հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մասնավորապես, «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ  նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը:
 «Ապրիլի 24-ն ամուր խորհրդանիշ է. այն հիշատակում է Կոնստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին 600 հայ մտավորականների սպանությունը և առաջին ցեղասպանության սկիզբը: Սա կարևոր պահ է հիշելու պարտավորության և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև բարեկամության համար: Ես մտադիր եմ շարունակել հիշատակման այդ ավանդույթը՝ մասնակցելով ոգեկոչման արարողություններին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ նա աջակցում է նաև Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույցում ներառելու գաղափարին։

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնի նախընտրական արշավի համակարգող Շառլոտ Ժերարն, օրինակ, պատասխանելով «Nouvelles d’Armenie»-ի հարցերին՝ ասել էր, որ  Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի երեք սարսափելի ցեղասպանություններից առաջինն է:

«Որպես հումանիստ՝ ես միշտ պաշտպանել եմ այս ողբերգական դեպքերի՝ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների հիշատակը: Դա ոչ միայն կարևոր է հայկական համայնքի համար, այլև, ինչպես մնացած ցեղասպանությունները, այն դաս է ողջ մարդկության համար, և դրա հիշատակումը միշտ պետք է խրախուսվի»,- ասել էր  Շառլոտ Ժերարը:

Ինչպես հաղորդվել էր, ապրիլի 23-ին Ժան-Լյուկ Մելանշոնը կմասնակցի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին և կաշխատի այդ օրը Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում հիշատակման ազգային օրերի ցանկում ներառելու ուղղությամբ:

Իսկ Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Բենուա Ամոնը՝ պատասխանելով«Nouvelles d’Armenie»-ի հարցերին՝ ասել էր. «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից մեկն է, տրավմա ամբողջ մարդկության և իհարկե, մասնավորապես, հայկական ծագմամբ ֆրանսիացիների, հետևաբար՝ Ֆրանսիայի համար»:

Ամոնը խոստացել էր, որ  նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու է մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին, որպեսզի այդ ցեղասպանությունը երբեք չմոռացվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել