Գևորգ-Պետրոսյան2013 թվականի մարտի 21-ը կարող է մտնել Թուրքիայի և քուրդ ժողովրդի պատմության մեջ:

Քրդերը նախօրեին տոնում էին իրենց գլխավոր տոներից մեկը` Նովրուզը: Թուրքիայում այդ օրը ոչ միայն տոնական էր, այլ նաև խիստ կարևոր էր քաղաքական տեսանկյունից:

Թուրքիայի բնակչության հայացքն ուղղված էր դեպի Դիարբեքիր, որը համարվում է քրդերի քաղաքական և մշակութային կենտրոնը: Մարտի 21-ին` Նովրուզի տոնակատարության ժամանակ, Դիարբեքիրի կենտրոնական հրապարակում ընթերցվելու էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ղեկավար, քուրդ առաջնորդ, թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանի ուղերձը:

Օջալանի ուղերձին անհամբեր սպասում էին ինչպես Թուրքիայի իշխանությունները, այնպես էլ թուրք և քուրդ բնակիչները: Արդեն վաղօրոք արված հայտարարություններից և կարծիքներից պարզ էր դառնում, որ Օջալանի կոչը կրելու է խաղաղասեր բնույթ և հանգուցային բնույթ է կրելու:

Ըստ տարբեր տվյալների` Դիարբեքիրում մարտի 21-ին 2 միլիոնից ավել մարդ էր հավաքվել: Կենտրոնական հրապարակում Օջալանի ուղերձն ընթերցվեց երկու լեզվով` թուրքերեն և քրդերեն: Թուրքերեն տարբերակն ընթերցեց քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ, պատգամավոր Սըրրը Սաքը Օդները, իսկ քրդերեն տարբերակ` ԽԺԿ-ի մեկ այլ անդամ Փերվին Բունդանը:

Օջալանի նամակում հնչեցված մեսիջները հստակ էին` զինված պայքարից անցում է կատարվում քաղաքական, ժողովրդավարական պայքարին:

«Թող լռեն զենքերը, արդեն թող խոսեն մտքերը»,-ուղերձում նշել էր Օջալանը` հավելելով, որ եկել է քաղաքական դաշտում համատեղ ուժերով քայլեր կատարելու ժամանակը:

«Թուրքերն ու քրդերը միասին կռվել են, զոհվել Դարդանելի ճակատամարտում, 1920 թվականին միասին են ստեղծել Ազգային ժողովը: Այս ամենը պետք է վերհիշել»,-նշել է Օջալանը` այսպիսով հիշեցնելով, որ քրդերը կանգնած են Թուրքիայի ստեղծման հիմքերում:

«Սա գործընթացի մի մաս չէ, այլ ամբողջովին նոր գործընթացի սկիզբ: Գալիս է նոր Թուրքիան, նոր Մերձավոր Արևելքը»,-ուղերձում նշում է Օջալանը` հիմք դնելով Քրդական հարցում սկզբունքորեն նոր շրջանի:

1984 թվականից ի վեր ակտիվ ռազմական պայքար մղող PKK-ն և այն գլխավորող Օջալանը 30 տարի տևած և տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած զինված բախումից հետո ռազմական պայքարից գնում են քաղաքականի, առանց զենքի, խաղաղությամբ:

Օջալանի այս հայտարարությունը, որոշակի զգուշավորությամբ և մտահոգություններով հանդերձ, ուրախությամբ ընդունեցին նաև Թուրքիայի առաջին այրերը:

Մեջբերենք Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մեկնաբանությունը. «Օջալանի ելույթը դրական զարգացում է: Ցանկանում ենք այդ խոսքերը գործի մեջ տեսնել հնարավորինս շուտ: Այդտեղ հնչած կարծիքներից շատերը մենք ամիսներ շարունակ արտահայտել ենք: Զենքը պետք է վայր դնել: Եթե այդպես լինի, ապա մեր անվտանգության ուժերն էլ գործողություններ անելու կարիք չեն ունենա»,-նշել է էրդողանն ու անմիջապես անցել դիտողություններին.

«Դիարբեքիրում պետք է նաև Թուրքիայի դրոշը լիներ: Դրոշի բացակայությունը մեսիջն այլ կերպ է ներկայացնում: Օջալանի ելույթում մենք որպես մեկ ազգ ենք ներկայացվում: Սակայն դրոշի բացակայությունը հակառակ իմաստն է արտահայտում: Սա մեծ բացթողում է»:

Թուրքական իշխանությունների գրեթե բոլոր հայտարարություններում հնչում նույն միտքը` Օջալանի խոսքերը պետք է վերածվեն գործի: Իհարկե, այս խոսքերը շատ բնական են հնչում:

Այս ամենի համար ժամանակ է պետք` տեսնելու հետագա քայլերն ու զարգացումները: Միայն որոշ ժամանակ անց ավելի հստակ կլինի գնահատել Օջալանի ուղերձն ու նրանում հնչած մտքերի կյանքի կոչման ընթացքը:

Շատ կարևոր է տեսնել, թե շուրջ 14 տարի առաջ ճաղերի հետևում գտնվող Օջալանի այս կոչ-հրամանն ինչպես կընդունեն սարերում զինված պայքար մղող PKK-ականներն ու նրանց դաշտային հրաամանատարները:

Սակայն հստակ է, որ ուղերձը որոշակի վերապահումներով հավանություն է գտել Թուրքիայի իշխանությունների, բնակչության (անզեն աչքով` նաև քուրդ հասարակության զգալի մասի), քաղաքական դաշտում հիմնական քրդական խաղացողի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարության կողմից: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ թուրք-քրդական հարաբերություններում և ընդհանրապես քրդական հարցում սկզբունորեն նոր ժամանաշրջան է սկսվում, որի ընթացքը որոշելու է ժամանակն ու կողմերի փոխհամաձայնության գնալու պատրաստակամության աստիճանը:

Ի վերջո, նույն այդ ժամանակը պարտադրում է Թուրքիային հաշվի նստել քրդերի հետ, որոնց դեմոգրաֆիկ աճը, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն ու ազդեցության մշտական ընդլայնումը ստիպում են Անկարային որդեգրել ավելի մեղմ, կառուցողական և փոխզիջումային դիրքորոշում քրդական հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել