Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըկը հայտարարել է, որ մայիսից Թուրքիան սկսելու է Altay տանկի զանգվածային արտադրությունը։
Նա նաև նշել է, որ շուտով զորքերին է տրամադրվելու Atak հարվածային ուղղաթիռները։ Նախարարը հավելել է, որ Թուրքիան սկսել է արտադրել սեփական անօդաչուները, նավերն ու արբանյակները։

Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համալիրը սկսել է սեփական զինված ուժերը հայրենական արտադրության զենքերով զինելու և այդ առումով ինքնաբավ դառնալու գործընթացը։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Անկարայի ռազմավարական սերտ համագործակցությունը, այդ թվում ռազմա-տեխնիկական համագործակցության առումով`սպայական կազմի պատրաստում, հատուկ ջոկատայինների պատրաստում ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, Անկարան կարող է սեփական արտադրության տանկերն ու ուղղաթիռները արտոնյալ պայմաններով վաճառել Ադրբեջանին`ռուսական կողմին «դուրս մղելով» Ադրբեջանի զինված ուժերից։

Ադրբեջանը տանկերն ու զրահատեխնիկան հիմնականում այս տարիների ընթացքում զանգվածաբար գնել է ՌԴ-ից, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում`Ուկրաինա, Բելառուս, իսրայելցի և այլ մասնագետների կողմից վերազինելով դրանք։ Չմոռանանք, որ Ադրբեջանը նորագույն զինատեսակներ է գնում նաև Իսրայելից`անօդաչուներ, հրթիռային, ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև ձգտում գտնել զենքերի գնման նոր շուկաներ`հեռանկարային է այդ առումով Պակիստանը, որի հետ Բաքուն արդեն իսկ նախապատրաստում է մի շարք պայմանագրեր `զինատեսակների գնման առումով`հատկապես հեռահար հրթիռներ, հնարավոր է նաև կործանիչներ։
Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն սուլթանական լիազորություններով է օժտել Էրդողանին, ով այժմ`բանակի նկատմամբ ձեռք բերելով լիարժեք իշխանություն ու վերահսկողություն ու հաշվի առնելով Ալիևի հետ սերտ կապերը, կարող է փորձել թուրքական զինատեսակները վաճառելով «կրտսեր եղբայր» Ադրբեջանին`ՌԴ-ին, Իսրայելին աստիճանաբար դուրս մղել «ադրբեջանական զենքերի» շուկայից։

Անցումը խորհրդային զինատեսակներից`տանկեր, զրահատեխնիկա և այլն դեպի թուրքականը ժամանակ է պահանջում, սակայն հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տասնամյակներ տևող ռազմա-տեխնիկական բաց և գաղտնի համագործակցության աստիճանն` այդ աստիճանական անցումը կարող է զբաղեցնել մի քանի տարի, ինչը զինված ուժերի համար ընդունելի ժամանակացույց է։ Նկատենք, որ ԶԼՄ-ներում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել, որ Բաքուն գնել է թուրքական հարվածային Atak ուղղաթիռներ`ի հավելումն ռուսական արտադրության «MИ» տարբեր մոդիֆիկացիաների ուղղաթիռների, որոնք առկա են Արդրբեջանի զինված ուժերի զինանոցում։

Բացի այդ, Ադրբեջանը գնել է նաև թուրքական T-122 Sakarya ռեակտիվ համակարգեր, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն չի ցանկանում հրետային, հրթիռային և այլ զինատեսակներում կախվածություն ունենալ մի կենտրոնից`լինի դա ՌԴ-ը կամ Իսրայելը։
Վառ օրինակ է նաև սեփական արտադրության հարվածային և հետախուզական անօդաչուների գործարանի հիմնումն ու անօդաչուների զանգվածային արտադրությունն Ադրբեջանում`տարիներ շարունակ Բաքուն միլիոնավոր դոլարների անօդաչուներ է գնել Իսրայելից`այժմ նրանք փորձում են նմանատիպ անօդաչուներ արտադրել Ադրբեջանում`նվազեցնելով ռազմա-տեխնիկական կախվածությունն Իսրայելից։

Չմոռանանք, որ Թուրքիան սկսել է սեփական արտադրության, նոր սերնդի Anca անօդաչուների արտադրությունը`դրանք նույնպես ժամանակի ընթացքում տրամադրվելու են Ադրբեջանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել