Խոսելով Ադրբեջանի նավթային քաղաքականության մասին և փորձելով փոքր-ինչ մատչելի կերպով այն հանրային լսարանին ներկայացնել` խոսեմ «Ալիևի դոկտրինի» մասին:
«Ալիևի դոկտրինի» ռազմավարական և աշխարհաքաղաքական բաղադրիչը պատմական համարժեք հեռանկարում անհրաժեշտ է դիտարկել 20 դարի 50-ականների վերջի և 70-ականների սկզբի այն գործընթացների ծիրում, երբ արաբա-իսրայելական հակամարտության ենթատեքստում և ավելի լայն` գաղութատիրական համակարգի դեմ «երրորդ աշխարհի» ու «չմիացած երկրների» պայքարի ընթացքում նավթային հարստությունը և նավթի տարանցիկ ուղիները գիտակցվեցին որպես զորեղ աշխարհաքաղաքական գործիք:
Դրա ակունքը կարելի է տեսնել նաև 1996-97թթ. «Մեծ Միջին Արևելքի» ստեղծման գործընթացներում՝ որպես վերջինիս կարևորագույն բաղկացուցիչ գտնել քաղաքական ու տնտեսական բաղադրիչին նվիրված մեծածավալ գրականությունում: Բոլորովին չմերժելով թվարկված մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ այն ծագել է Ռուսական կայսրության հոգեվարքի ժամանակ մշակված, Կովկասից ու Արևելքից այդ կայսրությունը մեկուսացնելու՝ անցած դարասկզբի կայսերական Գերմանիայի գենշտաբի ծրագրից: Այդ ծրագիրը յուրովի վերիմաստավորվեց արդեն 20 դարի 90-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանում և Թուրքիայում, Վրաստանում, Իսրայելում և ԱՄՆ-ում:
«Ալիևի դոկտրինի», թերևս, ամենահակիրճ ու ամբողջական ձևակերպումը կարելի է գտնել ԱՄՆ ԿՀՎ 1998թ. պատրաստած և 10 տարի հետո գաղտնազերծված մի նյութում, որի «Բոլորիս հայացքը դեպի Բաքու-Ջեյհան» հատկանշական վերնագիրը կրող բաժնում կարդում ենք. «Ալիևի աշխարհառազմավարական տեսլականը ենթադրում է միացյալ տեսակետ Կովկասի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ` իրենց ամբողջականության և Արևմուտքի հետ անքակտելի կապի մեջ, սկզբում` հենված տնտեսական կապերի, հետո` անվտանգության երաշխիքների վրա: Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հետ կապն այս ծրագրի ինտեգրալ մասն է, որը թույլ կտա Բաքվին հեռանալու ՌԴ-ից և Իրանից: Ալիևը հավանաբար համարում է, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը կհամախմբի երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ վերջինիս դիտարկում է որպես Ադրբեջանի բնական գործընկեր` լեզվական, մշակութային, կրոնական ընդհանրության և Իրանի, ՀՀ-ի ու ՌԴ-ի նկատմամբ ընդհանուր թշնամանքի հետևանքով»:
Այսպիսով՝ Ալիևի դոկտրինը հակառակվում է մեր տարածաշրջանի 6 երկրներից անմիջականորեն երեքի (Հայաստան, Իրան, ՌԴ) հետ՝ պատանդ վերցնելով տարածաշրջանի 4-րդ երկիրը` տրանզիտային Վրաստանը: Եվս մեկ անգամ հրավիրում ենք ՀՀ-ին «ինքնամեկուսացման» մեջ մեղադրող որոշ հայրենական և գրեթե բոլոր վրացական վերլուծաբանների ուշադրությունն այս հանգամանքի վրա: Անդրկովկասի ներկայիս պառակտման հիմքում ընկած են հենց «Ալիևի դոկտրինը» և գաղութատիրական աշխարհաքաղաքական իրողությունները, այլ ոչ թե հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ազատագրական պայքարը: Այն անշեղորեն և գրեթե անփոփոխ կյանքի կոչվեց 90-ականների կեսից սկսած մինչև 2007-08թթ.՝ մի կողմից ապահովելով Ադրբեջանի համախառն ներքին արտադրանքի տպավորիչ աճը և մյուս կողմից` տարածաշրջանում Հայաստանը համառորեն շրջանցող էներգատրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը:
Հիմնականում պահպանելով իր բովանդակությունը` Հայաստանի, ՌԴ և Իրանի մեկուսացում, «հայրական» այս դոկտրինը որոշակի շտկումների արժանացավ Ալիև-կրտսերի կողմից և նրա օրոք: Այսպես՝ սկսած 2007-ից՝ նա որոշակիորեն հակադրվեց Թուրքիայից և հատկապես Իրանից ու Հյուսիսային Կովկասից Ադրբեջան ներթափանցող մահմեդականացման վտանգին և քայլեր ձեռնարկեց ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Վերջին միտումն ուժեղացավ 2008թ. օգոստոսյան վրաց-օսական պատերազմից և Ռուսաստանի կողմից Հրվ. Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո: Սակայն Վ.Պուտինի ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելուց, Գաբալայի ռադարային կայանից ՌԴ հրաժարվելուց հետո այս հարաբերություններում նորից որոշակի սառեցում նկատվեց: