ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ գնալով դրսևորում են ֆեոդալական արքունական ուժերին բնորոշ վարք, որն, ի թիվս այլ դրսևորումների, արտահայտվում է նաև նրանով, որ այս կուսակցություններում գնալով ավելի ակներև է դառնում սերնդափոխության ժառանգական սկզբունքը, երբ ավելի հին գործիչները ասպարեզ են մտցնում իրենց արյունակից բարեկամներին և զավակներին։ Դա հատկապես ցայտուն է երևում ավագանու ընտրությունների համար կազմված կուսակցական ցուցակներով, որոնց մեջ մենք տեսնում ենք, որ օրինակ ԲՀԿ-ի ցուցակում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը, իսկ ՀՀԿ-ի ցուցակում՝ Թոխմախի Մհերի փեսա Խուճուճ Էդոյի՝ Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը։
Թվում է, թե ի՞նչ է եղել որ, առաձին դրվագներ են, բայց եթե այս դինամիկան պահպանվի, և սրան հավելենք նաև խնամիական կապերի արդյունքում ի հայտ եկող քաղաքական գործիչներին, ապա մոտակա տասնամյակում մենակ արդեն կունենանք կայացած «իշխանական» տոհմեր՝ 10-րդ դարի նմուշով, այն տարբերությամբ, որ Բագրատունիներին, Արծրունիներին, Պահլավունիներին փոխարինելու կգան գեներալմանվելունիները, թոխմախիհերունիները, լֆիկունիները և այլն...
Մի խոսքով, մեզ մոտ քաղաքական համակարգն ու պետական կառուցվածքը հետադարձ էվոլյուցիա է ապրում, ու այս տեմպերով քարանձավային-տոհմատիրական հասարակարգերի վերադարձն էլ սարերի հետևում չէ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/164619160360782
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել