Картинки по запросу էրդողանՎաղը Թուրքիայում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ինչի արդյունքում Թուրքիան խորհրդարանական համակարգից անցում է կատարելու նախագահական համակարգի`ընդլայնվելու են նախագահի լիազորությունները`հաշվի առնելով Էրդողանի քաղաքական հայացքներն ու ամբիցիաները տարածաշրջանին սպասում է«սուպերնախագահական» կամ «սուլթանական» տիպի Թուրքիա։

Քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատավական բոլոր ռեսուրսները անհաջող հեղաշրջման փորձից հետո կենտրոնացել են Էրդողանի ու Արդարություն ու զարգացում կուսակցության ձեռքում։ Ընդդիմախոսները`հատկապես քրդական բլոկի շատ անդամները խորհրդարանից այժմ գտնվում են բանտերում`Էրդողանի դեմ հանդես եկող ԶԼՄ-ների մեծ մասը փակված է կամ վերցված պետության վերահսկողության տակ։ Բանակը, որը միշտ Թուրքիայի պատմության ընթացքում եղել է քեմալիստական գաղափարախոսության կրող և աշխարհիկ Թուրքիայի պաշտպան «զտվել» է`բոլոր կենտրոնական պաշտոններում գտնվում են Էրդողանին հավատարիմ մարդիկ։
Թուրքիայի բնակչության հատկապես կրոնական մասը, «գյուղական» Թուրքիան համակրում է Էրդողանին`նրա իսլամիստական, ազգայնական, պանթուրքիստական և պանիսլամական կոչերն ու ելույթները տեղ են հասնում ու ապահովում նրա բավականին մեծ`իրականում բարձր վարկանիշը։

Էրդողանը ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար, ինչպես նաև քրդական անջատողականության դեմ պայքարելու կոչերով ներխուժեց Սիրիայի հյուսիս` այնտեղ ձևավորելով բուֆերային գոտի։ Թուրքիայի ներսում տեղի են ունենում բամզաթիվ ահաբեկչություններ` թե հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում, որտեղ վաղուց քաղաքացիական պատերազմ է թուրքական կանոնավոր բանակի ու Քրդական բանվորական կուսակցության միջև, իսկ խոշոր քաղաքներում`Ստամբուլ, Անկարա ժամանակ առ ժամանակ ԻՊ-ի անդամները ահաբեկչություններ են կազմակերպում։
Քաոսն ու վախի մթնոլորտը ձեռնտու են Էրդողանին, ով ցանկանում է ամեն գնով դառնալ «նոր սուլթան»` հասարակությունն ունի ուժեղ նախագահի կարիք, ով կարգի կհրավիրի թե քրդերին, թե կպայքարի ահաբեկչության դեմ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական դաշտը «զտվել» է, Էրդողանը հասարակության աչքում մնում է միակ իրական թեկնածուն։ Թուրքիան այս տարիների ընթացքում կարողացել է տնտեսական աճ գրանցել` կառուցվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր` թունելներ, գազա և նավթամուղներ, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը և այլն, ինչն էլ պետական հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով ներկայացվում է, որպես Էրդողանի ձեռքբերում և քաղաքականության արդյունք։
Էրդողանի հսկողության տակ են գտնվում նաև ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները, իսկ Թուրքիայի պես երկրում այդ լծակների շնորհիվ ապահովել հանրաքվեում ցանկալի արդյունք այդքան էլ բարդ չէ։ Քրդերն են այն ուժը, որոնք դեմ են լինելու փոփոխություններին, քանի որ այդ պարագայում Էրդողանն ունենալով անսահմանափակ լիազորություններ «վերջ կդնի» քրդական հարցին Թուրքիայում։

Ւնչ վերաբերվում է սահմանադրական փոփոխությունների ազդեցությանը հայ-թուրքական հարաբերությունների վրա, ապա «սուպերնախագահական» լիազորություններով օժտված Էրդողանն էլ ավելի կտրուկ է լինելու հայ-թուրքական սահմանը բացելու հարցում` նրա օրոք այդ սահմանը չի բացվելու` Անկարան սահմանի բացումը կապում է Ղարաբաղում զիջումների հետ, բացի այդ, կմեծանա Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ միջազգային արշավն` Էրդողանն ամեն ինչ անելու է, որ խոշոր պետությունները չճանաչեն Հայոց ցեղասպանությունը։
Ավելի են ամրապնդվելու Էրդողան-Ալիև կապերը` երկուսն էլ պաշտոնավարելու են մոտակա տասնամյակների ընթացքում միանձնյա ու ամրապնդելու թուրք-ադրբեջանական տանդեմը` բոլոր ուղղություններով։ Տարածաշրջանային քաղաքականության մեջ Էրդողանը կյանքի է կոչելու «նոր օսմանականության» քաղաքականությունն ու պանթուրքիստական գաղափարախոսությունն երկրի ներսում։ Թուրքական հասարակությունը դառնալու է էլ ավելի մոլեռանդ, ազգայնական, իսլամիստական, ինչն էլ վտանգելու է տեղի ազգային փոքրամասնությունների ֆիզիկական գոյությունը` հայեր, հույներ, հատկապես քրդեր։
Բալկաններում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում Էրդողանի «նոր Թուրքիան» աջակցելու է տեղի թյուրքական տարրին`Մերձավոր Արևելքում պանիսլամիստական ուղենիշի ներքո սունիներին`Ծոցի արաբական երկրների հետ հակաիրանական դաշինքն էլ ավելի է խորանալու։

Թուրքիան սահմանադրական փոփոխություններից հետո դառնալու է էլ ավելի կոշտ արտաքին քաղաքականությունում`բիրտ ու անզիջում երկրի ներսում ցանկացած ընդդիմադիր խոսքի ու ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդեպ, իսկ Էրդողանը փորձելու է ձևավորել սեփական անձի պաշտամունք` Աթաթուրքին մղելով հետին պլան ու դառնալով իսլամիստական, ազգայնական շրջանակների առաջնորդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել