Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) (հունվարի 12, 1867 —սեպտեմբերի 27, 1914), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։
Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։
Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894—1896-ին` Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894—1896-ի Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։
1895-ին խմբով (50 հոգի) անցել է Վան։ 1896-ին Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս` ապրել է Բաքվում։ 1904-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն սահմանի վրա կռվի է բռնվել և տեղ չի հասել։
1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության։ 1910-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Իրան. հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում ու Պարսկաստանում։
Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը, զգալով, որ չի կարող մասնակցել 1914-ին սկսված պատերազմում հայկական կամավորական շարժմանը, 1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։
Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսում, ԽոջիվանքիՊանթեոնում։ Նիկոլին թաղում են Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։
1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջեվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ։
ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ
Նիկոլ Դուման... Հին օրերի նուիրական անուններից է, այն անդրանիկ պլէագից, որ գնացել է բռնակալութեան եւ ստրկութեան շամփուրների մէջ ճանապարհ հարթելու՝ գալոց ըմբոստ սերունդների համար։ Երկա՜ր է իր անցած ճանապարհն եւս - անհունօրէն, դաժանօրէն երկար։ Թաւրիզ, Դերիկ, Բողազ - Քեասան, Խանասոր, Պաքու, նորէն Վասպուրական, Երեւան, նորէն Թաւրիզ - այդ ճանապարհի հանգրուաններն են, այդ հոյակապ կեանքի սրտառուչ դրուագները։ Հերոսը կանգ էր առնում ամէն մի ծանր ու տանջալի ճիգից յետոյ, նուիրւում էր «օրինական», կուլտուրական աշխատանքի, յոգնում էր, տաղտկանում եւ առաջին առիթով իսկ գրկում էր վերստին հրացանը, շտկում էր կորացած իրանը, որսորդի սուր ու թափանցող աչքերով հայում էր հորիզոնը եւ նետւում էր յորձանքի մէջ, պաղ, ստոյիկեան վճռականութեամբ ու արիութեամբ։
Վճռականութիւնը, անսասան կամքը, որոշումների պաղ եւ անյողդողդ կատարումը, կուսակցական պողպատեայ դիսցիպլինը - անհրաժեշտ գծեր են ամէն մի կռւում, եւս առաւել՝ հայոց դաժան յեղափոխական պայքարի մէջ։ Այդ գծերի անձնաւորումն էր ղարաբաղցի հերոսը եւ նրանց համար պատրաստ էր նա ամէն վայրկեան իր կեանքը զոհաբերելու։ Բարոյական ամենաբարձր սկզբունքներն իւրացրած եւ կուսակցութեան անաղարտ դրօշակի նախանձախնդիր՝ նա մարմնացած վեհանձնութիւն էր դէպի թոյլն ու անպաշտպանը - անգամ թշնամի բանակի մէջ -, բայց եւ անհաշտ ու անընկճելի էր, երբ պէտք էր պատժել յանցաւորին, լինէր դա մի թշնամի կամ ցեղակից, մի դաւաճան, մի մատնիչ կամ թէկուզ կուսակցական դիսցիպլինի դէմ մեղանչող մի անհատ։
Խանասորի արշաւանքի միջոցին նրա ձայնն էր, որ հնչում էր կտրուկ ու զօրաւոր.
- «Տղե՛րք-ջան, կանանց ու երեխաներին մի՛ ձեռք տաք, բայց տղամարդկանց անխնայ մորթոտեցէք»։
Դժուար թէ կուսակցական նախանձախնդրութիւնը - անձնազոհութեան բնազդը յանուն մի մեծ կազմակերպութեան պատուի ու հմայքի,- դժուար թէ նա երբեւիցէ աւելի ուժեղ արտայայտուած լինի մի գաղափարական անհատի մէջ։ Սպառնալիքը այնքա՜ն էր վճռական, խօսելու տոնը այնպէ՜ս կտրուկ ու համոզիչ...։ Նիկոլի սովորական տոնն էր այդ. լսողը զգում էր, որ այդ մարդը պատրաստ է իրօք իր անձը դնել քարտէսի վրայ՝ յանուն այս կամ այն սկզբունքի. նա սպառնացող եւ իրագործող էր. այդ լաւ գիտէին հակառակորդներն ու բարեկամները, եւ ի՞նչ ասել կուզէ, սպառնացող «մարմինը» համակերպեց։
Նիկոլ Դուման...։ Անուններ կան, որ մի մի դրօշակ են։ «Դաշնակցութեան», հայ ժողովրդի ներկայ ու գալոց սերունդները պատկառանքով կը խոնարհուին նաեւ այս մեծ շիրմի առջեւ, որ կը դրուի Քրիստափորների ու Սիմոնների կողքին։ Հայկական ազատամարտի առաջին ծիծեռնակներն են դրանք, յեղափոխական կազմակերպութեան անդրանիկ ու բազմերախտ սերունդը։ Նրանց ձեռքով չազատագրուեց հայրենիքը բռնութեան ճիրաններից, բայց նրանց ձեռքով սրբուեց ընդմիշտ հայի ճակտից ստրկութեան ժանգն ու մուրը, նրանց առնական, գաղափարական ճիգերով ստեղծագործուեց Նոր Հայութիւնը։ Պատի՜ւ նրանց, փա՜ռք նրանց։
«ԴՐՕՇԱԿ», 1914
(յապաւումներով)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




