Պատմություն այն մասին, թե ինչպես էր 1937 թվականին բռնադատվածի որդին պաշտպանում ԿԳԲ-ի գործակալին, ում հայրը 1937 թվականի բռնադատողների պարագլուխներից մեկն էր եղել:
Ես հաճախ եմ գրում ՖԲ-ում, որ բոլոր այն դեպքերը, որոնք այս վերջին տասնամյակներում ընթանում են Հայաստանում, մինի տարբերակով տեղի են ունեցել Բյուրականի աստղադիտարանում, որտեղ ես աշխատել եմ սկսած անցյալ դարի վաթսունական թվականների կեսերից մինչև դարի ավարտը` շուրջ 35 տարի:
Իննսունականների կեսերն էր: Աստղադիտարանի աշխատանքային առօրյայում արդեն լայնորեն կիրառվում էին անհատական համակարգիչները, որոնց թիվը այնքան էլ շատ չէր: Պարզապես շատ քիչ էր պահանջարկից: Մարդիկ հերթի էին կանգնում համակարգիչ օգտագործելու համար: Դրությունը բարելավելու ֆինանսական միջոցները բավարար չէին: Աստղադիտարանի տնօրենը ոչ բարով ակադեմիկոս, կիսագրագետ ու ԿԳԲ-ի բանսարկու, նախկին ԿԳԲ բարձրաստիճան սպայի տղան էր: Նրա մասին Համբարձումյանը մի անգամ ասել էր՝ սրան որ դռնից դուրս անես, պատուհանից կմտնի, սրա ձեռից պրծում չկա, մինչև ակադեմիկոս չդարձնեմ, սրանից ես ազատում չունեմ: Խոստովանեմ, որ աստղադիտարան ոտք դնելուս օրվանից ես այդ մարդուց ուղղակի ֆիզիկական զզվանք էի զգում, չնայած ինձ ոչ մի վատություն դեռ որ արած չկար այն ժամանակ: Դա հետո էր, որ սկսեց մանր-մունր վատություններ անել այն բանից հետո, երբ ես բազմաթիվ աշխատակիցների ներկայությամբ հստակորեն ապացուցեցի, որ նա անուղեղ հայվանի մեկն է: Սա, իր դիրեկտորական դիրքը օգտագործելով, եղած մի քանի համակարգիչները հիմնականում տրամադրում էր իր մանկլավիկներին: Ես հասա այն բանին, որ հանձնաժողով կազմվեց, ինձ հանձնաժողովի նախագահ դարձրեց կոլետիվը, որպեսզի կատարենք համակարգչային ժամանակի քիչ թե շատ հավասարաչափ բաշխում աշխատակիցների միջև: Հարցը ուսումնասիրելիս իմ մի աշխատանքային ընկերը մոտեցավ և խնդրեց իր մի հաշվարկը ստուգեմ այն համակարգիչի վրա, որը ինձ ու նրան հասանելի էր: Ինքը համակարգիչներից հեռու մարդ էր: Նստեցինք, ես սրա տվյալները մուտք արեցի ու փորձեցի գրաֆիկական արտապատկերում կատարել: Համակարգիչը թույլ հզորության էր ու չկարողացավ կատարել համապատասխան գործը: Այս ընկերս պարզ դա տեսավ ու հասկացավ: Մենք իրար հետ երկարատև աշխատել ենք նույն բաժնում, իրար միշտ օգնել ենք տարբեր աշխատանքային հարցերով: Մի խոսքով, իրար բավականին մոտ մարդիկ էինք: Նա 37 թվականին բռնադատվածի որդի էր: Եվ հաճախ մենք միասին տարբեր առիթներով քննարկել ու համակարծիք էինք եղել ստալինյան այդ դաժան տարիների մեր գնահատականների մեջ: Երկուսովս էլ գիտեինք, որ այդ տարիների «հերոսների» թվում եղել է նաև մեր այդ ժամանակվա տնօրենի հայրը: Գիտեինք, որ տնօրենը ինքն էլ ԿԳԲ-ի բանսարկուներից մեկն է աստղադիտարանում: Մի խոսքով, հիմա աստղադիտարանի կոլեկտիվի արտադրական խորհրդակցությունն է, որտեղ ես զեկուցում եմ համակարգիչների օպտիմալ օգտագործման իմ նկատառումները և առաջարկներ եմ ներկայացնում վիճակը բարելավելու ուղղությամբ: Ընդունվելիք որոշումները դրվեցին քվեարկության: Դրանց մեծամասնությունը կազմում էր մեր հանձնաժողովի առաջարկությունները: Կոլետիվը ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեց որոշումներին: Եղան նաև մի քանի դեմ քվեարկողներ: Մեկը տնօրենն էր, իր մի քանի մանկլավիկները և ի մեծ զարմանս ինձ նաև իմ այդ ընկերը, ում նյութը իր ներկայությամբ չկարողացանք մշակել բավարար համակարգչային ռեսուրս ձեռքի տակ չունենալու պատճառով: Եվ ում հայրիկին այս ապիկարի հայրիկը կամ էլ մեկ ուրիշ ապիկար հայրիկ Սիբիր էր քշել այն դաժան 37-ականներին: Ահա ինչպիսի վախճան ունեցավ իմ և իմ այս ընկերոջ ընկերությունը: Դրանից հետո նա դադարեց ինձ համար որպես մարդ լինելուց: Անցնելուց կիսաբերան իրար բարևում էինք, իսկ ինքը միշտ գլուխը կախ էր իմ կողքով անցնում: Էլի գոհ եմ, որ գոնե հասկացել էր իր արածի ահավորությունը:
Առակս զինչ կցուցանե: Այսօրվա այս դժնդակ ու տհաս իշխանավորներին կողմ են քվեարկում նաև իմ այս տուժած ընկերոջ նման շատ-շատերը: Երևի սպասելիքներ ունեն: Սպասելիքներն էլ հաստատ փշրանքներ են այն բանի համեմատ, ինչը գռփել են նրանց հասանելիք բարիքներից: Կարճմիտ մարդկանց տեսակն է սա, ովքեր կարևորն ու երկրորդականը իմ այս ընկերոջ նման չեն կարողանում տարբերակել իրարից:



