Հայաստանը թիրախավորել է օրգանական գյուղատնտեսության ոլորտը՝ որպես առավել հեռանկարային ճյուղ: Օրգանական գյուղատնտեսությունը մի համակարգ է, որտեղ չեն կիրառվում թունավոր նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր: Օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չեն կիրառվում արհեստական նյութեր և ճառագայթում: Այս հարցում կարևոր հանգամանք է, որ հողի բարելավումը օրգանական գյուղատնտեսության համակարգը դիտարկում է որպես հիմնական առանցք որակյալ մթերքների արտադրության գործում:
Քանի որ համակարգը Հայաստանում համեմատաբար նոր գաղափար է, և ԵՄ-ն և Ավստրիայի զարգացման գործակալությունը այս տարի ևս շարունակելու են իրենց օժանդակությունը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Անցած երկու տարվա ընթացքում ավելի քան 1 մլն եվրո է տրամադրվել շուրջ 46 տնտեսությունների, որոնք ձեռնամուխ են եղել օրգանական գյուղատնտեսության ոլորտում աշխատելու, իսկ այս տարվա համար ընտրվել են 28 տնտեսություններ, որոնք դրամաշնորհներ կստանան գույքի և արտադրական միջոցների ձեռքբերման նպատակով: Նշենք, որ այս տարվա ընթացքում նաև նախատեսվում է մեկնարկել իրազեկման ծրագիր հասարակության շրջանում՝ օրգանական մթերքների առավելությունների վերաբերյալ: