Ֆեյբուքյան ուղիղ եթերների լեգենդար չեմպիոն Լիլիթ Բաբասյանն այսօր կրկին ստիպեց ինձ, որ ես օրս ուրախ սկսեմ: Շնորհակալ եմ քեզ, Լիլիթ ջան: Միայն դու կարող էիր տեխնոլոգիաների դար համարվող ժամանակակից կյանքում մազերդ տանը լվանալ ու առավոտից էս սալոնից էն սալոնն ընկնել՝ փնտրելով մեկին, ով կհամաձայներ քո մազերը ֆենել այն դեպքում, երբ ուղղակի կարող էիր զանգել վարսավիրիդ ու ժամ պայմանավորվել: Ինչևէ, երկարատև մերժումներից ու բանակցություններից հետո վերջիվերջո մի վարսավիր է գտնվում, ով իր վրա է վերցնում այդ ՎԵՀ առաքելությունն ու ստանձնում է Լիլիթի մազերը ֆենելու ազգանվեր գործը: Եվ հենց սա էլ դառնում է այդ վարսավիրի ճակատագրական սխալը, որովհետև պարզվում է՝ իրականում Լիլիթին վարսավիրը ոչ այնքան մազը ֆենելու, որքան ինքնաարտահայտվելու և թեթևանալու համար էր պետք:
Ու այստեղ Լիլիթը կես րոպե առաջ իր հետ ծանոթացած վասավիրի հետ սկսում է կիսվել իր համար ամենածանր ու սրտակեղեք թեմաներից մեկից՝ իր հետևորդների դաժան ու անգութ քոմենթներից: Պարզվում է՝ երեկ Լիլիթի մասին շատ բարի ու հաճելի գրառում է եղել համացանցում, որի մեջ մոտավոր այն միտքն էր, որ ցանկացած աղջիկ կնախանձի Լիլիթին՝ նման մարզված մարմին ունենալու համար: Բայց ահա ՉԱՐ ու ՆԱԽԱՆՁ աղջիկները, որոնց Լիլիթը «թարախ» է անվանում, հավաքվել էին նյութի տակ ու Լիլիթին վիրավորել ամենավերջին ու ստոր բառերով, այսինքն՝ ասել են, որ Լիլիթի «ֆիգուրան ֆոտոշոփածա»: Մարդի՛կ... մի փոքր բարեգութ եղեք, մի վիրավորեք Լիլիթին՝ ցավացնելով նրան, կպնելով նրա ամենանվիրական զգացմունքներին: Ո՞նց թե Լիլիթի նկարները ֆոտոշոփած են, դուք հո անհոգի չե՞ք: Ու մի մոռացեք, որ կյանքը բումերանգ է, և վաղը, մյուս օրը մեկն էլ ձե՛ր նկարը կարող է համարել ֆոտոշոփած: Լիլիթը պինդ աղջիկ ա, նա դիմացավ այդ հարվածին, իսկ դուք կդիմանա՞ք, դուք կհաղթահարե՞ք այդ վիրավորանքը, երբ ձեր նկարը ֆոտոշոփած համարեն: Մի քիչ էլ սրա մասին մտածեք էլի…
Ի դեպ՝ մինչև խելքս գլուխս հավաքեցի ու անդրադարձա Լիլիթի ուղիղ եթերին, Լիլիթն իր էջից արդեն ջնջել էր այն: Բայց դե իսկական ֆանատները արդեն ֆիքսել էին նրա ամեն մի բառը: Համբերություն քեզ, Լիլիթ ջան…