Ինչպես և սպասվում էր, երեկ ուշ երեկոյան «Ռոսիա» հեռուստաալիքով տեղի ունեցավ Վալդիմիր Սոլովյովի թոք շոուն, որի ընթացքում նա մանրամասն անդրադարձավ իր՝ Բաքու կատարած այցին, ինչպես և խոստացել էր։ Ռուսական մեդիայի հայտնի դեմքը Բաքու էր գնացել՝ մի քանի ժամով քննարկելու Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի խափանման միջոցները, որոնց ի պատասխան, ըստ նրա, Ալիևը պատասխանել է, որ այդ մարդկանց վերաբերվում են մեծագույն հարգանքով, սակայն նրանք օրենք են խախտել ու պետք է պատասխան տան Ադրբեջանի սահամանդրության առաջ։ Բնական է, որ Սոլովյովը որևէ վատ բառ չէր ասելու Ալիևի հասցեին, ինչպես որ ենթադրում է դիվանագիտական էթիկան, սակայն շեշտեց, որ նրանց մոտեցումների միջև հսկայական տարբերություններ կան։ Բնականաբար, խոսք է գնացել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ Ադրբեջանի նախագահը մանրամասն ներկայացրել է իր տեսակետն ու ևս մեկ անգամ վերահաստատել, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու մտքից ու առաջնորդվելու է հենց այդ քաղաքական գաղափարախոսությամբ, միևնույն ժամանակ, նաև հույս հայտնել, որ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով։
Իհարկե, չարժե մանրամասն նկարագրել Սոլովյովի այցի մանրամասները, սակայն անպայմանորեն պետք է նշենք, որ ռուս լրագրողի այցն, իհարկե, պատահական լինել չէր կարող։ Սա, եթե ցանկանանք, կարող ենք դիտարկել որպես հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ փոփոխություններ մտցնելու, երկու երկրների ղեկավարների, հասարակությունների միջև ինչ-որ նեյտրալ զոնայում դիալոգ ձևավորելու տեսանկյունից։ Պատահական չէ, որ Սոլովյովն անպայմանորեն շեշտեց, որ Ալիևը ոչ մի կծու ու վիրավորական խոսք չի ասել Հայաստանի ղեկավարության հասցեին, ինչը, ըստ նրա, վկայում է հարգանքի մասին, ինչքան էլ երկու երկրների միջև հարաբերությունները լինեն թշնամական։ Սա, իհարկե, ընդամենը փոքրիկ ժեստ է։ Պարզ է, որ Ալիևը չէր հայհոյելու ու գոնե հյուրի ներկայությամբ հարգալից էր լինելու, նույնն էլ, կարծում ենք, կլիներ և մեր ղեկավարի դեպքում։ Սակայն սա չի կարող լինել բավարար հիմք երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները բարելավելու համար, որովհետև տարիներ շարունակ հենց Ադրբեջանի նախագահի ու նրա քարոզչամեքենայի «թեթև» ձեռքով հայատյացության այնպիսի դոզա է ներարկվել ադրբեջանական հանրությանը, որ դա հաղթահարելու համար ոչ թե ամիսների, այլ տարիների երկարատև աշխատանք է պետք։ Այնպես որ, միայն հայտարարություններով գործը գլուխ չի գա: