Հայաստանում միակ ռադիկալ ընդդիմադիր գործչի անուն հանած Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակաշրջանում դադարել է խոսել ինստիտուցիոնալ ընդդիմությունից ու ժողովրդին դեպի պարտություն չտանելու իր խոստումներից։ Ավելի ճիշտ՝ դրանք պայմանավորված են բուն քաղաքական գործընթացներով, որոնց տրամաբանությունը եկավ ևս մեկ անգամ հաստատելու, որ քաղաքականության մեջ բացարձակ ու կանխորոշված ելքեր ու մուտքեր լինել չեն կարող, ու ոչինչ բացառել պետք չէ։ Որ երեկվա թշնամին այսօր կարող է դառնալ բարեկամ ու գործընկեր, որ Սերժ Սարգսյանին բարև տվողը կարող է գլխավորել մի դաշինք, որի երրորդ համարը լինես դու, իսկ առաջինն՝ ինքը, ու երկուսդ էլ լինեք ընդդիմադիր։ Նաև այն, որ պետական հանցագործություն կատարած զինված խմբի քաղաքական օրակարգը ձևակերպված Զարուհի Փոստանջյանի հետ բանակցել պետք չէ, որովհետև վերջինս արդեն որերորդ անգամ քեզ համարում է իշխանության դրածո ու վերահսկելի ընդդիմություն։ Այս ամենը որոշակիորեն խամրեցնում է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի կերպարը ու կարող է գալիք ընտություններում ազդել նրա վարկանիշի վրա։ Եթե նպատակը քաղաքական ուժերի՝ լայն կոնսոլիդացիայի ապահովումն էր, ապա դա չստացվեց, բայց դրա կարիքը չկա, որովհետև ընդամենը երեք ուժ է մասնակցելու այս ընտրություններին։ Ինչպես գիտեք, անցողիկ շեմ այս ընտրություններում չկա, ու բոլոր ուժերը այս կամ այն չափով ինչ-որ դերակատարում ունենալու են Երևանի ավագանու ընտրություններում։ Մնում է միայն հուսալ, որ ընդդիմադիրները իրար չեն խանգարի, թեպետ դա շատ դժվար է պատկերացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: