Հայաստանի քաղաքական դաշտի ծերակույտի ֆոնին երբեմն, երբ քիչ թե շատ առողջ միտք ենք տեսնում, ոգևորվում ենք ու մի քանի օր շարունակ դարձնում մեյնսթրիմի գլխավոր թեման։ Ալեքսանդր Արզումանյանը, ով, ինչպես գիտենք, 2017 թվականի Պառլամենտում այլևս չի լինելու, հայտարարություն է տարածել Ազատություն ռադիոկայանով, ըստ որի՝ ժամանակն է հնարավորություն տալու երիտասարդ քաղաքական գործիչներին զբաղվելու քաղաքականությամբ, քանի որ փորձը ցույց է տվել, որ փոքրաթիվ ֆրակցիաներով իշխանության դեմ պայքարելը անհնար է, քանի որ որոշումների կայացման մեջ որևէ լծակ ընդդիմությունը չի ունեցել։ Սա շատ կարևոր ու ճիշտ արձանագրում է, ու շատ կարևոր է, որ դա անում է Արզումանյանի տրամաչափի մարդը։ Խնդիրն ինչ-որ սերընդափոխության կեղծ փոփոխությունը չէ, այլ կոնցեպտուալ քաղաքական օրակարգ ձևավորելու ու նոր մոտեցումներ դաշտ բերելու հարցն է դրված, որը, ցավոք, չկա։ Օրինակ՝ հին ՀՀԿ-ականին կարելի է փոխել նորով. վերջինս, սակայն, շատ ավելի վտանգավոր ու անադեկվատ կարող է լինել, քան հինը ու նույնը մնացած կուսակցությունների պարագայում։ Ըստ այդմ՝ շատ է մեծ վտանգը, որ բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում մեր քաղաքական դաշտում։ Կարծում ենք՝ Արզումանյանի օրինակին պետք է հետևեն շատերը, ու դա ոչ թե նշանակում է ձեռքերը լվալ քաղաքականությունից, այլ դերաբաշխման խնդիր դնել ու օգնել երիտասարդներին ռեալիզացվելու արդեն նոր գաղափարներով։ Մարդիկ պարզապես չպետք է թույլ տան պատանդ դառնալ իրենց իսկ գաղափարների ձեռքը, դա երբեմն, մանավանդ տարիքի հետ կարող է դառնալ շատ վտանգավոր։ Սակայն սա չի նշանակում, որ գաղափարները պետք է անընդհատ փոխել, բայց նոր մոտեցումներ ներարկելը հույժ կարևոր է։ Ահա սրա բացակայությունն է, որ մեր երկրին կանգնեցրել է խնդիրների առաջ, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: