ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո նրա առողջական վիճակն այդպես էլ չի բարելավվում, կրակոցից վնասվել է նրա նյարդային համակարգը: Ըստ ամենայնի` նա իր բուժումը կշարունակի Գերմանիայում. այս մասին գրում է «Առաջին լրատվական»-ը:
Պարույր Հայրիկյանը, սակայն, չի դադարում բարձրաձայնել, որ իր դեմ մահափորձի գործով կալանավորված անձինք ընդամենը այդ հրեշավոր հանցագործության փոքրագույն տարրն են: Նա պետական լիազոր մարմնից պահանջում է ողջամիտ ժամկետում` 4-5 ամսվա ընթացքում, բացահայտել իրական պատվիրատուին կամ պատվիրատուներին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղադրվում է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը պատվիրելու համար: Ավելի վաղ` փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալել է երկու կասկածյալի` 1972թ. ծնված Սամվել Հարությունյանին և 1966-ին ծնված Խաչատուր Պողոսյանին: Վերջինս նախկինում դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունք են տվել: Ցուցմունք է տվել նաև Վարդան Սեդրակյանը` պնդելով, որ ոչ մի առնչություն չունի Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ:
Քանաքեռում, որտեղ բնակվում են երեք ձերբակալվածներն էլ, Սամվել Հարությունյանի մասին հիացմունքով են խոսում: «Կարգին տղա է, խելոք աշխատող»,- ասում են հարևանները` այդպես էլ չպատկերացնելով, թե նա ինչ կապ ունի հայտնի պատմության հետ: Նշենք, որ ձերբակալված է նաև Սամվել Հարությունյանի եղբայրը: Հարությունյանի մայրը` Ռոզա Գալստյանը, ասել է, որ երբ լսել է Սամվելի ձերբակալության մասին, քիչ է մնացել` կաթված ստանա: «Գնացի էն աշխարհ, հետ եկա, երևի հրաշքով փրկվել եմ: Եթե իմանայի՝ տղաս խուլիգան է, չար է, մի քանի անգամ ոստիկանների ձեռքն է ընկել, կասեի` հա, բայց գրում են, որ տղաս նախկինում թմրամոլության համար դատված է եղել, չկա նման բան` և գրանցում ունի, և որևէ դատվածություն չունի»,- ասել է տիկին Ռոզան:
Մայրը պատմել է, որ 41-ամյա որդին երկար տարիներ շինարարությամբ է զբաղվել, թեև մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, բայց ձեռքից շնորհքով է: Նա պատմել է Վարդան Սեդրակյանի և իր որդու ծանոթության մասին: Վ. Սեդրակյանը բնակվում է իրենց հարևանությամբ: Քանաքեռցիները զարմացած են, թե ինչ արագությամբ Վարդան Սեդրակյանը սկսեց հարստանալ, ձեռք բերել մեքենաներ և տներ, քանի որ դրանից առաջ սովորական ապրող էր, սակայն շատ արագ «թռփոշացավ»:
2011թ.-ին Սեդրակյանը Սամվելին դիմել է Քանաքեռի տունը վերանորոգելու նպատակով, Սամվելն ու ընկերը նախ տանիքն են նորոգել, հետո բակն ու պարիսպները: Արդեն 2012թ.-ի գարնանը Սամվելը Սեդրակյանի մոտ այլ աշխատանքի է անցել` հիմա էլ Եղվարդի տունն են վերանորոգել: Իսկ 2012թ. նոյեմբերին Սեդրակյանը Սամվելին կանչել է իր մոտ և առաջարկել նախագահի ընտրությունների համար իրար հետ աշխատել: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սամվելն աշխատել է Վ. Սեդրակյանի նախընտրական շտաբում, թռուցիկներ են տարել մարզեր և այլն: Տիկին Ռոզայի խոսքով` Սեդրակյանի ընտանիքի հետ երբեք մտերիմ հարաբերություններ չեն ունեցել, գնալ-գալ չի եղել. «Թե հիմա ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, շատ մութ պատմություն է: Փետրվարի 7-ին` երեկոյան ժամը հինգին, զանգեցին, ասացին` Սամվելին ձերբակալել են. շվարած մնացի»,- հուզված ասել է մայրը: Այն հարցին, թե արդյոք հիշու՞մ է՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի օրը տղան ե՞րբ է տուն եկել (Սամվելն իր ընտանիքի հետ ապրում է տան երրորդ հարկում. կինը վեց տարեկան դստեր հետ ապրում է մոր տանը, քանի որ ընտանիքն անհաշտ է), մայրը պատասխանել է. «Այդ օրը կոնկրետ չեմ կարող ասել` որ ժամին է եկել, այդ օրը մինչև ժամը հինգը-վեցը տանն է եղել, հաց կերել, հետո երեկոյան չգիտեմ քանիսին եկավ, միայն ոտքերի ձայները լսեցի, իմացա` արդեն տուն է եկել, հանգիստ քնեցի, բայց կոնկրետ չեմ հիշում` որ ժամին եկավ, որ ժամին գնաց»,- պատմել է մայրը: Նա որդու մոտ արդեն երեք անգամ տեսակցության է գնացել: Առաջին անգամ այնքան հուզված է եղել, որ ոչ մի բառ չի կարողացել խոսել. «Մամ, այդքան մի լաց, լավ կլինի. հարցնում եմ՝ դու կա՞պ ունես էս ամենի հետ, ասում է` ուֆ, այ մամ, նենց հարցեր ես տալիս… Ինձ ուզում է ասի` հավատու՞մ ես իբր: Իր քննիչի մոտ եմ գնացել, ասում եմ` խնդրում եմ ասեք` ինչ ցուցմունք են տվել, ասում են` մինչև նախաքննության ավարտը ոչ մի բան չեն կարող ասել: Ես իմ աչքով տեսնեմ՝ իմ տղան նման բան անի, չեմ հավատա, ինքը չի կարող այդ մարդը լինել, ինքը չի կարող մարդ խփել, ինքը անգամ հավ չի կարող խփել»,- հուզվելով ասել է Սամվելի մայրը: Կատարվածը տիկին Ռոզան հեքիաթ է համարում, ամեն օր պառկելիս մտածում է` գուցե երա՞զ է, թե՞ իրականություն, ուզում է գնալ Հայրիկյանի մոտ և խնդրել` տեսնի` արդյոք իր որդի՞ն է եղել:
Ի դեպ, մինչև կալանավորվելը Վ. Սեդրակյանը որևէ անգամ չի փորձել հետաքրքրվել, չի հանդիպել Սամվելի մորը:
Վ.Սեդրակյանի կինը` Ռուզան Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրուցել չի համաձայնել, միայն նշել է, որ կատարվածը բոլոր նորմալ մարդկանց համար աբսուրդ է և անհասկանալի է, որևէ տրամաբանական բան չկա դրանում: Նա ասել է, որ խոսում է ամուսնու հետ, որ նրա առողջական վիճակը նորմալ է, նորմալ է ամեն ինչ:
Խաչատուր Պողոսյանի ընտանիքի անդամները տանը չէին, բայց դրսում կանգնած էր «Մերսեդես» մակնիշի մեքենան, որը, քանաքեռցիների պատմելով, բոլորովին վերջերս էր Խաչիկը ձեռք բերել, դրանից առաջ մեկ «Նիվա» ուներ, բայց գործերը, ըստ ամենայնի, լավացան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել