Ilur.am-ը գրում է.
Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես պառակտելու և հուսալքելու մեր հասարակությանը։
Ինչպես հայտնում է iLur.am կայքը, այս մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երևույթը, շատերը փորձում են դրա մեղքը բարդել ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի վրա՝ չխորշելով անգամ վերջինիս ուղղված բարոյախոսական կշտամբանքներից։ Իմ նախորդ հոդվածում ես բավարարվել էի իշխանությունների սցենարով ապրիլի 2-ին բեմականացված խայտառակ միջոցառումը բնութագրել հետևյալ հակիրճ քաղաքական ձևակերպմամբ. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»։
Պահն է, թերևս, բացելու փակագծերը։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, և ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի և քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը և հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։
Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը։ Դիմադրելու պարագայում ընտրակաշառքն ստիպելով կխոթեն նրա գրպանը՝ մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին՝ դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով և այլն։ Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով։
Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երևույթի դրսևորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ Մեղադրելու, անարգելու և կշտամբելու փոխարեն, ժողովրդին, ընդհակառակը, իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար, պետք է միայն կարեկցել, հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի։ Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայնումիայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը»։
Լուրջ մտահոգության առարկա է նաև խաղաղության և պատերազմի երկընտրանքի շուրջ ծավալված բանավեճի առիթով սոցցանցերում և հատուկենտ լրատվամիջոցներում հայաստանցիների և ղարաբաղցիների միջև սեպ խրելու նկատվող միտումը։ Այդ տեսակետից հատկապես վրդովեցուցիչ է հեղինակավոր կայքերից մեկում օրերս հրապարակված մի այլանդակ հոդված (hraparak.am, 7.04.2017)։ Այլանդակություն լինելուց բացի, այն հայաստանցիների և ղարաբաղցիների միջև բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն է թողնում։
Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենևին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու և երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաև Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձևավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել և տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլև իրենք՝ ղարաբաղցիները։
Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, և թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, և այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում։ Բնական է նաև, որ հայկական պետականության երկու միավորների միջև լինեն մարտավարական հարցերի հետ կապված քաղաքական հակասություններ։ Դրանք միշտ էլ եղել են և սովորաբար լուծվել են Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարության փոխըմբռնման միջոցով։ Անթույլատրելին ու դատապարտելին այդ հակասությունները կենցաղային մակարդակի անհանդուրժողականության և փոխադարձ մեղադրանքների դաշտ տեղափոխելն է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ