Այս թեստն ամենատարածվածներից մեկն է։ Սակայն հոգեբանները անընդհատ կատարելագործում են այն, նորանոր տարրեր են ավելացնում։ Թեստի էությունը հետևյալն է։ Նկարեք այն, ինչն անմիջապես ծնունդ է առնում ձեր երևակայության մեջ` «տուն» բառը հիշատակելիս։ Այս թեստում հարցեր չկան, սակայն ձեր նկարի դետալները թույլ են տալիս ի մի բերելու ձեր հոգեբանական դիմանկարի որոշ տարրերը։
Քաղաքային տուն
Խոսքը գնում է բազմահարկ շենքի մասին։ Այսպիսի տուն գրեթե չեն նկարում, որովհետև մեծամասնությունը փորձում է այլ`«իդեալական» տուն պատկերել… մինչդեռ այսպիսի նկարը թույլ է տալիս դատելու չոր, ինքնամփոփ մարդու մասին։ Նա հակված է կենտրոնանալու սեփական պրոբլեմների վրա և չի կիսում դրանք այլ մարդկանց հետ։
Ոչ մեծ, ցածր տուն
Շատ ցածր տանիքով տուն նկարող մարդն ամենայն հավանականությամբ իրեն հոգնած և ուժասպառված է զգում, սիրում է հիշել անցյալը, թեև դրա մեջ էլ սովորաբար հաճելի ոչինչ չի գտնում։
Դղյակ
Այսպիսի նկարը բացահայտում է բնավորության որոշ մանկականությունը, անլրջությունը, թեթևամտությունը։ Դա ցույց է տալիս այն մարդու չափազանցված երևակայությունը, որը չի կարողանում իր պարտականությունների կատարումից գլուխ հանել։
Ընդարձակ գյուղական տուն
Խոսում է բնակտարածությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Եթե այսպիսի տուն նկարող մարդը երեխաներ չունի, միայնակ է, ապա, հնարավոր է, դրանում դրսևորվում է ընտանիք կազմելու, երեխաներ մեծացնելու նրա պահանջմունքը։ Եթե տունը շրջապատված է անմատչելի երկաթե պարսպով, ապա դա, ամենայն հավանականությամբ, վկայում է ինքնամփոփ, փակ բնավորության մասին։ Եթե տունը շրջապատված է կենդանի պարսպով, ապա դա հակառակ իմաստն է արտահայտում` վստահություն ուրիշների նկատմամբ։ Որքան ցանկապատը ցածր է, այնքան ավելի ընդգծված է շփվողականությունը, հաղորդակցման հակումը։
Պատուհանները
Շատ մեծ լուսամուտը վկայում է սրտաբացության, սիրալիրության, բարյացկամության մասին։ Դրանով մարդը ասես ցույց է տալիս, որ ինքը բաց է, թաքցնելու բան չունի։ Մեկ կամ մի քանի փոքրիկ պատուհանները, Ճաղապատ կամ փակոցափեղկերով լուսամուտներն, ընդհակառակը, վկայում են փակվածության, բարդույթների առկայության, ագահության, ուրիշներին ինչ-որ բան տալու կամ նրանցից ինչ-որ բան ստանալու անկարողության մասին։
Դռները
Եթե դռները նկարվում են տան ճակատի (ֆասադի) մեջտեղում, ապա վկայում են սիրալիրության, հյուրասիրության մասին։ Սանդղամուտքի (դռան առջևի աստիճաններ) առկայությունը խոսում է է՛լ ավելի շատ մեծահոգության, ինքնավստահության մասին։ Բաց դուռը վկայում է մարդամոտության մասին, փակ դուռը` ինքնամփոփության։ Եթե դուռը կողքից է նկարվում, ապա դա անբավարար հաղորդասիրության նշան է, այդպիսի մարդը շփումների այնքան էլ հեշտությամբ չի գնում։ Եթե դուռը ծածկում է տան գրեթե ողջ ճակատը, ապա դա վկայում է թեթևամտության, արարքների անկանխատեսելիության, բայց միաժամանակ մեծահոգության, երբեմն չափից ավելի մեծահոգի լինելու մասին։
Ծխնելույզները
Նկարի վրա ծխնելույզի բացակայությունը անզգա լինելու դրսևորում է։ Ծխնելույզը, որից ծուխ դուրս չի գալիս, արտահայտում է միևնույն իմաստը, միայն թե այս դեպքում այդ հատկանիշը պայմանավորված է կյանքում կրած մի շարք հիասթափություններով, դրանց հետևանքով է առաջացել։ Ծխնելույզը, որից ծուխ է ելնում, մեծահոգության ցուցիչ է, իսկ եթե միաժամանակ ծխնելույզի վրա փոքրիկ աղյուսիկներ կամ այլ մանր դետալներ են նկարված, ապա դա կենսական լավատեսության մասին է վկայում։