Tert.am-ը գրում է.
 2016 թ. Հայաստանում ուղղակի ներդրումների ծավալի ցածր լինելը կապված է քաղաքական և ռազմական իրավիճակի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
 Ըստ նրա՝ այս հարցում լուրջ դեր խաղաց ապրիլյան պատերազմը և դրան հաջորդած զարգացումները: Ներդրումների նվազման երկրորդ գործոնը տնտեսագետը պայմանավորում է 2016թ. հուլիսյան դեպքերով, որը ևս լուրջ ազդակ էր:
 Երրորդ գործոնը՝ կառավարության փոփոխությունն է, որը ներդրողների մոտ առաջացնում է որոշակի սպասումներ։ «Բնական է, ներդրողները պետք է նայեն նոր ձևավորված կաբինետը ինչպիսի քաղաքականության ծրագիր է առաջարկում՝ դրանից ելնելով նրանք կարող են իրենց, այսպես ասած, երկարաժամկետ ծրագրերը կառուցել»,- նա։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ներդրողները վերը նշված և՛ քաղաքական, և՛ ռազմական իրավիճակից են բխեցնում իրենց ներդրումային պլանները, որովհետև դրանք ռիսկերն էապես մեծացնում են:

«Անկասկած նաև նախընտրական շրջանը և հետընտրական սպասումները լավագույն պայմանները չեն ներդրողների համար: Բնական է քաղաքական անկայունության, ծրագրային փոփոխությունների սպասումներ են, և այդ այլընտրանքները ներդրողներին չեն ներշնչում երկարաժամկետ վարքագիծ դրսևորել»,- կարծում է նա:
 Նշենք, որ Հայաստանում արված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2016 թ. նվազագույնն է եղել վերջին 9 տարիների ընթացքում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին հայաստանյան տնտեսությունում արված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 130.4 միլիոն դոլար:
Ի տարբերություն Հայաստանի, տարածաշրջանի երկրներում, հատկապես հարևան Վրաստանում շատ ավելի մեծ ծավալների են ներդրումները, որտեղ և միջավայրային և քաղաքականության գործոններն անհամեմատ ավելի բարենպաստ են վերջին տարիներին:
 Ատոմ Մարգարյանը փաստում է, որ 2009-2010 թթ. համաշխարհային ճգնաժամի հաջորդած տարիներից սկսած ՀՀ-ում ներդրումային կորագիծն իսկապես վարընթաց է եղել: Պատճառները և ներքին, և արտաքին բնույթի են եղել: Ըստ Մարգարյանի՝ արտաքին պատճառը այն է, որ վիճակը վատթարացել է Հայաստանում հիմնական ներդրումներ կատարող շուկաներում, մասնավորապես, Ռուսաստանում: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ ներդրումների 60-65 տոկոսը ռուսական աղբյուրներից էին:
 Ներդրումների առումով գրավիչ չլինելու ներքին պատճառներից տնտեսագետն առանձնացնում է հարկային քաղաքականության ոչ բարենպաստ լինելը: Մարգարյանի կարծիքով՝ տնտեսության վրա հարկաբյուջետային ճնշումը պետք է թուլանա և  դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի համիմաստ և համարժեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել