ՕՐՕ-ի, ՀՅԴ-ի ու ՀՎԿ-ի կողմից Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշումն իրականում բավականին տրամաբանական ու պրագմատիկ է։ Ի վերջո, ցանկացած ընտրություն առաջին հերթին կապված է ֆինանսական ծախսերի հետ, իսկ Երևանի ավագանու ընտրությունների պարագայում դիվիդենտները կասկածելի են, անգամ եթե քաղաքական ուժը հաղթահարում է անցողիկ շեմը։

Այնպես որ, կարելի է ենթադրել, որ նշված ուժերը որոշել են տնտեսել իրենց ռեսուրսները, նամանավանդ, երբ ՕՐՕ-ի ու ՀՎԿ-ի պարագայում անցողիկ շեմը հաղթահարելու հեռանկարը բավականին մշուշոտ է՝ դատելով խորհրդարանական ընտրությունների արդյունքից։

Միևնույն ժամանակ, դժվար է ասել, թե ով ավելի շատ կշահի այս իրավիճակից, որովհետև նշված ուժերի էլեկտորատը խիստ խայտաբղետ է ու տարբերվող։ Մի կողմից սա ձեռնատու է Ելքին, որովհետև հավելյալ խաղացողների բացակայության պայմանում ընդդիմադիր էլեկտորատի ձայների փոշիացում ավելի քիչ է տեղի ունենում, մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ նույն ՀՎԿ-ի էլեկտորատը դժվար է համարել ընդդիմադիր, ու նրանք նույն հաջողությամբ կարող են իրենց քվեները տալ ինչպես Ծառուկյան դաշինքի թիմին, այնպես էլ Հանրապետականներին։ ՀՅԴ-ն էլ ունի իր սպեցիֆիկ էլեկտորատը, բայց, ամենայն հավանականությամբ, այն կա՛մ իներտ կլինի այս ընտրություններին, կա՛մ էլ կմիանա ՀՀԿ-ին ընտրողներին։

Մի խոսքով՝ բավականին տարօրինակ քաղաքական մթնոլորտ է ձևավորվել։ Մի տեսակ անսովոր է, երբ հետընտրական զարգացումներ ու քաղաքական ճգնաժամ չկան, բայց դե ունենք այն, ինչ ունենք, և ամենևին էլ անպայման չէ, որ այս քաղաքական պասիվությունը միանշանակորեն վատ է երկրի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել