Փաստորեն՝ շաբաթ օրը բավականին հարուստ եղավ քաղաքական իրադարձություններով։ ՀՎԿ-ից հետո Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՅԴ-ն։ Դաշնակցությունն իր հայտարարության մեջ նշում է, որ, հաշվի առնելով ԱԺ ընտրությունների ժամանակ Երևանում գրանցած ցածր ցուցանիշները, կուսակցությունը նպատակահարմար է գտնում չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Դե ինչ, այս պահի դրությամբ մասնակցության հայտ են ներկայացրել երկու քաղաքական ուժեր՝ ԵԼՔ-ն ու ՀՀԿ-ն։ Առաջինի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, երկրորդինը՝ Տարոն Մարգարյանը։
Հիմա անդրադառնանք ՀՅԴ-ի չմանսակցության փաստին։ Նախ՝ բավականին տարօրինակ է, որ այս կուսակցությունը հրաժարվում է մասնակցել, ընդ որում՝ որպես չմասնակցելու պատճառ նշելով Երևանում անբավարար թվերը։ Դաշնակցականները 6 պատգամավոր են ունենալու նոր ԱԺ-ում նախորդ հինգի փոխարեն. այս անգամ արի ու տես՝ բավարարված չեն իրենց արդյունքներով։ Երևի թե հույս ունեին ավելի շատ ձայներ ստանալու, ինչպես ավագ գործընկերը։ Իրականում շատ լավ է։ Առհասարակ, շատ ավելի լավ կլիներ, եթե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեին այն ուժերը, որոնք հաղթահարել են ԱԺ-ն։ ՀՅԴ-ն, ճիշտ է, հաղթահարել է, սակայն հասկանում է, որ մրցապայքարում ֆավորիտ չի լինելու ու այդ պատճառով հրաժարվում է։ Թող պայքարեն ուժեղագույնները։ Այս պահին Փաշինյանն ու Մարգարյանը ակնհայտ ֆավորիտ են այս մրցապայքարում։