Image result for trump and syriaԹրամփը վերջիվերջո տեղի տվեց և «կուլ տվեց» հանրապետականների խայծը` ռազմական ուժ կիրառելով սիրիական կառավարական ուժերի նկատմամբ: Հակաթրամփյան ներքին կոալիցիան ձևավորվել էր արդեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ողջ ընթացքում` ի դեմս թե՛ դեմոկրատական թևի և թե՛ Թրամփի արտաքին կառուցողական քաղաքականությանն ընդդիմադիր հանրապետականների թիմում: Չլինելով քաղաքական գործիչ` Դ․ Թրամփն արդյունքում առավել խոցելի դարձավ, քան Բուշ Կրտսերն էր, ով սերում էր քաղաքական ավանդույթներ ունեցող ընտանիքից: Սակայն երկու նախագահներին այս պահին միավորում է վերջիններիս` ամերիկյան արտաքին քաղաքականության կոշտ դիրքորոշում ունեցող թևի ազդեցության տակ ընկնելու հանգամանքը: Հիշենք, որ հակասադամական իրաքյան ռազմական գործողությունների համար հիմք հանդիսացան Իրաքում քիմիական զենքի առկայության վերաբերյալ ամերիկյան հետախուզական տվյալները, որոնք այդպես էլ չհաստատվեցին: Նույնը տեղի է ունենում նաև սիրիական ճգնաժամի պարագայում, երբ հրթիռակոծման հետևանքով արտանետվեցին կյանքի համար վտանգավոր քիմիական նյութերը: Հարցի հետ կապված՝ ՄԱԿ-ի շրջանակներում մեծ աղմուկ բարձրացվեց, ինչը հանգեցրեց ամերիկյան ռազմական գործողությունների ձեռնարկմանը ասադական ուժերի նկատմամբ: Դրա փոխարեն միջազգային հանրությանը պետք է հուզեր այն հարցի պատասխանը, թե ինչ խողովակներով են հայտնվել այդ քիմիական նյութերը սիրիական ընդդիմության ձեռքում: Ինչևէ, հավելենք նաև, որ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ամերիկյան ռազմական գործողություններից հետո իսրայելական կողմը ակտիվացրել է Հիզբալլահ խմբավորման դեմ ռազմական հարվածները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել