Թուրքիան իր ԱԳՆ-ի միջոցով շարունակում է ակտիվ աշխատանքներ վարել Բրատիսլավայի կենտրոնում վեր խոյացող հայկական խաչքարի և Հայոց ցեղասպանության դեմ: Թուրքական դիվանագիտությունը երկարատև պայքարել է նախ Բրատիսլավայում հայկական խաչքարի կողքը հսկայական չափերի հուշարձան տեղադրելու նպատակով: Օրերս ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը վերոհիշյալ հարցի շուրջ հատուկ հանդիպում է ունեցել Բրատիսլավայի քաղաքապետ պարոն Միլան Ֆտաչնիկի հետ: Հանդիպման թեման եղել է թուրքական հուշարձան Բրատիսլավայի կենտրոնում տեղադրելու խնդիրը: Պարոն քաղաքապետը հայտնել է, որ նա կտրականապես մերժել է թուրքերի խնդրանքը Հայոց ցեղասպանությունը մարմնավորող կոթողին համարժեք, իրականում շատ ավելի ծավալուն, հուշարձան տեղադրելը և Հայոց ցեղասպանության ու թուրքական խնդիրներին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու հորդորը: Նա համաձայնվել է միայն Բրատիսլավայի գերեզմաններից որևէ մեկում Առաջին համաշխարհային պատերազմում զոհված թուրք զինվորների գերեզմանների կողքը փոքրիկ հուշատախտակ տեղադրելուն: Պարոն Գրիգորյանն իր մեծ շնորհակալություններն է հայտնել քաղաքապետ Ֆտաչնիկին այսպիսի խոհուն լուծման համար, և հրավիրել նրան պաշտոնական այցով ժամանելու Երևան` Բրատիսլավա-Երևան քույր քաղաքների միջև մոտ մեկ տասնամյակ առաջ կնքված պայմանագրի շրջանակներում ներառված աշխատանքներն ակտիվացնելու նպատակով: Պարոն Ֆտաչնիկն իր գոհունակությունն է հայտնել այդ հրավերի շուրջ` զարմանքով նշելով, որ երկու տարուց ավել է, ինչ կտրվել է կապը Հայաստանի դեսպանության հետ և ուրախությամբ է համաձայնվել պարոն Գրիգորյանի միջոցով համատեղ գործունեությունը զարգացնելու մտքի հետ:
Վերջերս ստացվել է տեղեկույթ, որ թուրքական ԱԳՆ-ը պարտություն կրելով Բրատիսլավայում հուշարձան կառուցելու խնդրի շուրջ, շարունակել է իր նպատակի իրագործումը Սլովակիայի մյուս խոշոր քաղաքի` Նիտրայի, քաղաքապետարանի հետ բանակցելու ճանապարհով: Նիտրան Սլովակիայի ամենախոշոր հոգևոր կենտրոնն է՝ հայտնի ողջ Եվրոպայի պատմության մեջ իր ունեցած դերով: Այս տարի հուլիսի 5-ին Նիտրայում պետք է տոնվի Կիրիլիի և Մեֆոդիի կողմից սլավոնական այբուբենի` Կիրիլիցայի գյուտի 1150 ամյակը: Պարոն Աշոտ Գրիգորյանն այսօր հանդիպել է Նիտրայի քաղաքապետ Յոզեֆ Դվոնչի հետ և քննարկել այդ քաղաքում թուրքական հուշարձան դնելու խնդիրը: Ինչպես հայտնել է պարոն Դվոնչը, Թուրքիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունը, Թուրքիայի դեսպանուհու հետ համատեղ, այցելել է Նիտրա ու դիմել Առաջին համաշխարհայինի թուրք նահատակներին նվիրված կոթող կառուցելու խնդրանքով: Այդ դիմումը մերժվել է: Սակայն թուրքերը խնդրել են թույլ տալ գոնե Նիտրայի գերեզմանոցում թուրք զինվորների գերեզմանաքարերը տեղափոխել և շարել որևէ հողակտորի վրա կիսալուսնի տեսքով` դրան տալով հուշարձանի տեսք: Այս խնդրանքը քաղաքապետի կողմից նույնպես մերժվել է: Քաղաքապետը համաձայնվել է ընդամենը, որ թուրքերը սեփական ֆինանսներով կարգի կբերեն իրենց զինվորների գերեզմանները և կստանան դրանց վրա հուշատախտակ ամրացնելու իրավունք: Պարոն Գրիգորյանն իր խորին գոհունակությունն է հայտնել պարոն քաղաքապետ Դվոնչին այսպիսի հավասարակշիռ որոշման համար և առաջարկել է համագործակցություն սկսել Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին ու մարզկետրոն Արմավիր քաղաքների հետ: Կողմերը պայմանավորվել են այս տարի կազմակերեպել փոխադարձ այցեր Նիտրա, Արմավիր և Էջմիածին քաղաքների քաղաքապետերի միջև:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
20.03.2013թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել