«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում կարդացի Կոտայքի մարզի երկու գյուղերի՝ Հատիսի ու Զովաշենի բարդ կացության մասին։ Գյուղերն արդեն դատարկվում են, որովհետև սոցիալական պայմաններն անելանելի են, իսկ երիտասարդությունը չի ամուսնանում, որպեսզի սերնդափոխություն լինի, բնակչությունը երիտասարդ մնա... ճանապարհները վատն են, աշխատանք չկա, բնակլիմայական պայմաններն էլ արևադարձային չեն, հեռանկար չկա, սա են պատճառները և՛ արտագաղթի, և՛ երիտասարդների մոտ ամուսնանալ չցանկանալու։
Սա բնավ էլ նոր տեսարան ու երևույթ չէ մեզ համար։ Սակայն ի՞նչն է հետաքրքիր. այս երկու գյուղերի օրինակով երևում է մեր քաղաքական համակարգի տկարությունն ու կեղծավորությունը, քանզի ինչպես հայտնի է, Կոտայքի մարզը կես-կես է արված ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, ընդ որում, եթե ՀՀԿ-ն՝ ի դեմս իր առաջորդ Սերժ Սարգսյանի, արտագաղթի մասին խոսելիս որպես հիմնական պատճառ բերում է գաղջ մթնոլորտը, ապա ԲՀԿ-ն էլ՝ ի դեմս իր առաջնորդ Ծառուկյանի, հանդես է գալիս մեսսիայական դերում, իսկ հռետորիկան այսպիսին է. եթե մենք լինենք իշխանություն, մենք կփրկենք Հայաստանը, մենք կփրկենք դատարկվող գյուղերը... Կարճ ասած, Քոչարյանի «Լավ կլինի՜» տարբերակն է։
Ու այս երկու գյուղերի օրինակով երևում է, որ ոչ մի գաղջ մթնոլորտ էլ չի պատճառը, եթե ինչ-որ գաղջություն էլ կա, ապա դա հետևանք է և ոչ թե պատճառ։ Հետևանք նրա, որ տարրական խնդիրներ, որոնք պետք է հոգա պետությունը, մնում են բարցիթողի վիճակում, որովհետև չեմ կարծում, որ գաղջ մթնոլորտի պատճառով գյուղ տանող ճանապարհները չեն ասֆալտապատվում, չեմ կարծում, որ գաղջ մթնոլորտի պատճառով է, որ փոխանակ գյուղատնտեսության իրական զարգացման, միլիոնավոր դոլարներ են մսխվում՝ գյուղացիներին կով կթել սովորեցնող հիմար սեմինարների վրա, չեմ կարծում, որ գաղջ մթնոլորտի պատճառով է, որ Կովալենկո Շահգալդյանը, արդեն տարիներ շարունակ անպատիժ մնալով, թալանում է Կոտայքի մարզը։ Գաղջություն չկա, կա թերի, ես անգամ կասեի անփույթ կառավարում։
Հիմա ԲՀԿ-ի մասին։ Հարգելի Ծառուկյան, սա էլ հո վերացական տարածք չէ Հայաստանի քարտեզի վրա, սա Ձեր օրրանն է։ Մեկը ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ով ունի քվե տալու իրավունք, ինչպե՞ս հավատամ, որ դուք դյուզն-ինչ ավելի լավ վարչարարություն ու կառավարում կիրականացնեք ամբողջ երկրում, եթե անգամ Ձեր հայրենի մարզում այսպիսի խնդիրներ են։ Ես բնավ չեմ ուզում որևէ մեկի փողերը հաշվել, բայց վստահաբար Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը ոչ միայն ֆինանսապես չէր տուժի, այլև երկարաժամկետ հեռանկարում կշահեր, եթե ներդրումներ աներ սեփական մարզում, իսկ պաթոսային բարեգործական ակցիաներ կազմակերպելու փոխարեն պարզապես լուռ լուծեր, օրինակ, դժվար հասանելի գյուղերի ճանապարհների ասֆալտապատման հարցը։ Թե չէ մի 10 հատ տրակտոր սաղ Հայաստանով տալ-հետ վերցնելով հո չի՞...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/282570295210075?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել