Կարծես թե դժգոհության նոր ալիք է բարձրանում Երևան քաղաքում, որը կապված է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Օպերայի ու բալետի թատրոնում նոր սրճարան է բացվելու, որը գալու է փոխարինելու նախկին բուֆետին։ Նախարարը դա մեկնաբանել է որպես «սովետական իներցիայից ազատվելու անհրաժեշտություն»։ Դա, իհարկե, հասկանալ կարելի է, կարելի է հասկանալ նաև ընդվզողների տեսակետը։ Բայց ամենակարևորը հետևյալն է՝ ով է բողոքում դրա դեմ, ինչի համար ու ինչ նպատակներով։ Եթե երիտասարդներն են, ապա պետք է հասկանալ, որ սա ոչ թե ինչ-որ քմահաճույք է, այլ անհրաժեշտություն, զուտ նրա համար, որ աշխարհի շատ օպերաներում ու բալետներում վաղուց գործում են ժամանցի նմանատիպ վայրեր, որտեղ մարդիկ կարող են գալ նաև իրենց ընտանիքների հետ միասին ժամանակ անցկացնելու։ Իհարկե, երիտասարդները սա որակելու են որպես քաղաքի ճարտարապետական կեցվածքը հերթական անգամ այլանդակելու փորձ, սակայն նրանց պետք է համբերատար բացատրել անհրաժեշտությունը։ Սրա դեմ կարող են իրենց դժգոհությունը հայտնել առավել տարիքով մարդիկ, ովքեր մինչ հիմա չեն կարողացել ձերբազատվել սովետական անցյալից ու հաց ու երշիկից։ Այս սեգմենտին հասկանալ կարելի է, գուցե ավելի շատ, քան մնացածին, բայց նրանք դժվար հարատև բողոքավոր դառնան, որովհետև աշխարհը զարգանում է, ու պետք է ապրել այդ աշխարհի թելադրած պահանջմունքներին համապատասխան։ Ամեն դեպքում, կարծում ենք՝ արդեն այս տարի կարող ենք ունենալ միջազգային ստանդարտին համապատասխան Օպերայի ու բալետի թատրոնի շենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: