Եղբայրական երկու երկրների` Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում։ Այդ մասին АПА-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք միշտ ուրախ ենք ծառայել Ադրբեջանին։ Մենք պարբերաբար խորհրդակցում ենք, հանդիպումներ անցկացնում։ Եռակողմ` Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան և Թուրքիա-Ադրրբեջան-Թուրքմենստան հանդիպումները տեղի կունենան Բաքվում»,-հավելել է նա։

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մաքսային ծառայությունները վերջերս պայմանավորվել են հեշտացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ապրանքների տարանցման ընթացակարգերը և սահմանել, այսպես կոչված, մի «պատուհանի սկզբունք» բեռները երեք երկրների տարածքով տարանցելու համար: Չմոռանանք, որ այդ նույն սկզբունքն է սահմանվելու շուտով նաև Ադրբեջան-Ղազախստան բեռնափոխադրումների (Բաքու-Աքթաու լաստանավային փոխադրումների) համար: Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առկա նավթագազային նախագծերին գումարվելու է նաև տրանսպորտային տարրը՝ Բաքու-Թբիլիսի-Կարսի տեսքով, ինչպես նաև Բաքվից դեպի Բաթումի արագընթաց ավտոմայրուղու տեսքով՝ Սև ծով-Կասպից ծով միջանցքի ձևավորման համատեքստում:

Բացի այդ՝ երեք երկրներն ամեն տարի համատեղ զորավարժություններ են իրականացնում, Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ և տարածաշրջանային տերություն, զինում, մարզում է վրացի և ադրբեջանցի զինվորականներին ռազմա-տեխնիկական և այլ համագործակցության ֆորմատներով: Երեք երկրները միավորելու են նաև իրենց էներգետիկ համակարգերը «Էներգետիկ կամուրջ» կոչվող ծրագրի շրջանակներում. էլէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով ուղղվելու է Թուրքիա, իսկ որոշ ամիսների Թուրքիայից ուղղվելու է հակառակ ուղղությամբ:
Չմոռանանք, որ Վրաստանն իր Ազգային անվտանգության ռազմավարությունում Թուրքիան ու Ադրբեջանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկերներ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈՒԱՄ անդամ են: Արտաքին և տարածաշրջանային քաղաքականության առումով երեք երկրները գործում են միասնական ուղենիշերով՝ ՌԴ-ն շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծման, Մոսկվայի հարավկովկասյան գլխավոր դաշնակից ՀՀ-ի մեկուսացման համար:

Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է տեղի կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը. գործում է «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը», այլ ՀԿ-ներ, ինչպես նաև SOCAR-ի ֆինանսավորմամբ հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Հայաստանի համար կենսական նշանակության «կյանքի ճանապարհն» անցնում է Վրաստանի հենց ադրբեջանաբնակ շրջաններով, պատերազմի դեպքում՝ հայ-ադրբեջանական, Ղարաբաղում, տեղի ադրբեջանցիները կարող են Բաքվի դրդմամբ փորձել կտրել այդ ճանապարհը կամ դրանով անցնելը դարձնեն վտանգավոր:

Փորձ է արվում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի գործունեությանը ներգրավվել նաև նավթագազային հարուստ ռեսուրսներ ունեցող Թուրքմենստանին, ինչն առաջին հերթին բխում է Արևմուտքի շահերից: Վերոնշյալ դաշինքի ձևավորումը թույլ կտա Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին լուծել այլընտրանքային ճանապարհներով Եվրոպա առաքվող էներգակիրների հարցը: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նվազեցնել եվրոպական երկրների գազային կախվածությունը «Գազպրոմից»:
Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվում Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից, օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը, արտահանվի Արևմուտք` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:
Վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի այդ ժամանակ վարչապետ (այժմ՝ նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:

Էրդողանի մասնակցությունը հիմնարկեքին բացատրվում է ինչպես թուրքական ավանդական հետաքրքրություններով՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներում ամրապնդվելու և ազդեցության լծակներ ձեռք բերելու առումով, ինչպես նաև այն փաստով, որ հենց թուրքական «Gas Insaat» ընկերությունն է շահել Թուրքմենբաշիի նավահանգստի շինարարության տենդերը:

Հավելենք, որ Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի և քաղաքական դաշինքի ձևավորման համար պետք է առաջին հերթին իրենց լուծումը գտնեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը և ադրբեջանա-թուրքմենական հակասությունները՝ վիճելի հանքավայրերի պատկանելիության հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել