Գերիշխող առևտրի ցանցերում այսօր կատարված մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության և լայն սպառման պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են. Tert.am-ին մոնիտորինգի արդյունքները ներկայացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:
«Խոսքը վերաբերում է մասնավորապես ալյուրի, կաթնամթերքի, ձվի, մակարոնեղենի, բրնձի, հավի մսի, սուրճի, թեյի և այլ շուկաներին: Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ վերջին մի քանի օրերին թանկացել է շաքարավազը, իրականությանը չի համապատասխանում: Նշված ապրանքատեսակի գինը նախկինի նման 1 կիլոգրամը 390 դրամ է»,-գրավոր պատասխանում նշել է Գայանե Սահակյանը:
Ավելին, ըստ նրա՝ արձանագրվել է որոշակի փոփոխություն նվազման ուղղությամբ՝ մասնավորապես բուսական յուղի որոշ տեսակների, ձավարեղենի, կաթնամթերքի և երշիկեղենի որոշ տեսակների մասով:
Միաժամանակ շեշտվում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում և վերահսկողություն է իրականացնում բացառապես խոշոր ապրանքային շուկաներում, քանի որ վերջինների գնային քաղաքականությունը կարող է ազդել շուկայի ընդհանուր իրավիճակի վրա:
Մինչդեռ խանութներից և սուպերմարկետներից դուրս եկող քաղաքացիները պնդում են, որ որոշ ապրանքատեսակներ այդուհանդերձ թանկացել են: Օրինակ՝ մի կին ասաց, որ շաքարավազն է նկատելի թանկացել՝ 380 դրամից դարձել է 410 դրամ: Ի դեպ, Դավթաշենի մեծ խանութներից մեկում նկատեցինք, որ շաքարավազի գինը 430 դրամ էր:
Մի տարեց մարդ էլ ասաց, որ այսօր նկատել է, որ նարինջը կիլոգրամը 520 դրամից դարձել է 560 դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/05/prices/2332419
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



