Ընդամենը 10 օրից վերջնականապես պարզ կդառնա, թե ովքեր են ցանկանում պայքարել ԻԻՀ նախագահի պաշտոնի համար:
Այս պահին հաստատված է գործող նախագահի կրկին առաջադրվելը, Մահմուդ Ահմադինեժադի չմասնակցելը և իր փոխարեն Համիդ Բաղայիին դեպի նախընտրական պայքար մղելը, իսկ թե արդյոք պահպանողականներն ունենալու են միասնական թեկնածու, դեռևս պարզ չէ:
Այս պահի դրությամբ մեծ է հավանականությունը, որ Համիդ Բաղայիի թեկնածությունը չի հաստատվի ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, հետևաբար «Ահմադինեժադականների թևը» ամենայն հավանականությամբ անմասն կմնա առաջիկա նախագահական ընտրություններում պայքարելուց:
Ըստ նախնական կանխատեսումների` Հասան Ռուհանին կարող է վերընտրվելու խնդիր ունենալ միայն այն դեպքում, եթե պահպանողականները կարողանան համաձայնության գալ և համախմբվել մեկ միասնական թեկնածուի շուրջ: Շրջանառվող միակ հավանական տարբերակը Էբրահիմ Ռաիսին է, սակայն վերջինս դեռևս չի հաստատել իր առաջադրվելը: