Image may contain: 1 personԱյս շաբաթը անցնելու է ընտրությունների արդյունքների վերաիմաստավորման նշանաբանի տակ, ուստի ևս մեկ գրառում եմ ինձ թույլ տալիս ու խոստանում այլևս ընտրությունների հարցին չանդրադառնալ։

2012 թ. Ազգային ժողովի ընտրություններին ազատական ընդդիմությունը ներկայացված էր երկու ուժերով՝ ՀԱԿ և Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ դաշինքներ, և ստացավ ընտրողների ձայների մոտ 12,5%-ը և 12 պատգամավոր խորհրդարանում, դրան մասամբ գումարվեց նաև մաժորիտար ընտրակարգով ընտրված Էդմոն Մարուքյանի մեկ ձայնը։ Հանրագումարում ազատական ընդդիմությունը ստացավ պատգամավորական տեղերի 10%-ը։ Սա թույլ տվեց խորհրդարանի այլապես ճահճացած միջավայրում ունենալ դիսկուրս, և մի շարք հարցերում նաև՝ արձանագրել կարևոր առաջընթաց, պահային համագործակցելով խորհրդարանում ներկայացված կիսա-իշխանական ուժերի հետ։

2017 թ. Ազգային ժողովի ընտրություններին ազատական ընդդիմության ճամբարը տրոհվեց արդեն չորս ուժի՝ Ելք, ՀԱԿ, ՕՐՕ, Ազատ դեմոկրատներ, և ևս մեկ անգամ հավաքական ստացավ ընտրողների 12,5% ձայնը, ինչը վկայում է այս ընտրազանգվածի հարաբերական կայունության մասին։ Սակայն այս անգամ վերջնական պատկերը տեղերի բաշխման իմաստով ավելի անմխիթար է, քանի որ՝
- ՀԱԿ-ը ի սկզբանե որդեգրեց անհեռանկար, իրականության հետ աղերս չունեցող պարտվողական կոնցեպտ, որը մարգինալացրեց այդ ուժին և զրկեց հիմնական էլեկտորատից
- Ժառանգությունը քաղաքական ինքնասպանություն գործեց՝ տրոհվելով ընտրություններից անմիջապես առաջ և մտնելով մի դաշինքի մեջ, որում այն տարրալուծվեց և դիմազրկվեց
- Ազատ դեմոկրատները ի սկզբանե չունեին կրիտիկական ընտրական զանգված, և նրանց համառությունը՝ առանձին ընտրություններին մասնակցելու, առնվազն զարմանք է առաջացնում

Այս համատարած ձախողումների ֆոնին պետք է գնահատել և արժևորել Ելքի կատարած գործը և՛ տարբեր կտորներից կարճ ժամանակում կուռ թիմային բրենդ ստեղծելու իմաստով, և՛ պրագմատիկ ընտրարշավ իրականացնելու, և՛ 13 օկրուգներից առնվազն 6-ում տեղում ուժեղ թեկնածուների միջոցով զգալի էլեկտորալ արդյունք արձանագրելու իմաստով։ Եթե Ելքը ստանար ընդամենը 12 000-ով պակաս ձայն, այն չէր անցնի ընտրական շեմը, և այսօր խորհրդարանում հասարակության ազատական հատվածը ներկայացված չէր լինի ընդհանրապես։

Ուստի, սիրելի ընկերներ, Ելք կա, բայց նաև Խելք է պետք։

Մինչ հաջորդ ընտրություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել