Image resultՀյուսիսային Կորեան միջին հեռահարության KN-15 բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել։ Հրթիռի արձակումը հաստատել է ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը՝ փոխանցում է BBC-ն։

Ցամաքային տեղակայման հրթիռն արձակվել է Կորեական թերակղզու արևելյան ափին գտնվող զորակայանից և ուղղություն վերցրել դեպի Ճապոնիա։

Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը ընկել է Ճապոնական ծովի չեզոք ջրերում։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ թռիչքը տևել է 9 րոպե, այդ ընթացքում հրթիռը հաղթահարել է մոտ 60 կմ հեռավորություն։

Հյուսիսկորեական ռազմավարական զենքի հերթական փորձարկումը տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ԱՄՆ այցից մեկ օր առաջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չինացի առաջնորդի բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա Փխենյանի հրթիռա-միջուկային նկրտումների սանձման խնդիրը։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայարարել է, որ հրթիռի նոր արձակումը հանդիսանում է լուրջ սադրիչ գործողություն։

«Դրանք լուրջ սադրիչ գործողություններ են անվտանգության պլանում, նրանք ակնհայտ խախտում են ՄԱԿ ԱԽ բանաձևերը և կտրականապես անթույլատրելի են»,-ասել է Աբեն։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով հրթիռի հերթական արձակումը, ասել է, որ ԱՄՆ-ը «բավականին շատ է խոսել» Հյուսիսային Կորեայի մասին։ «Լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել