Փաստացի՝ այսօր Հայաստանում պառլամենտական ընտրություններից հետո ունենք մի իրավիճակ, երբ հետընտրական զարգացումները գոնե այս պահի դրությամբ բացառվում են։ Կուսակցությունները հայտարարություն են տարածել առ այն, որ չեն պատրաստվում մասնակցել նման պրոցեսների, ու սա բնական է. ի՞նչ հետընտրական գործընթացների մասին է խոսքը, եթե հանրությունն իսկապես գնացել ու ձայն է տվել իշխանություններին։ Ընտրակաշառքով, թե առանց դրա, կապ չունի, ընտրողը ֆիքսել է հաղթանակը և ըստ այդմ՝ արդյունքը։ Եվ այս ֆոնին խոսել հետընտրական իրավիճակների մասին, մեղմ ասած, անմտություն կլինի, որովհետև առանց ժողովրդի միտինգ անելը գիտեք՝ ինչի է նման։
Ի՞նչ կարող ենք սրանից եզրակացնել։ Մի պարզ բան. այն, որ ընտրություններն անաղմուկ են անցել, դա չի նշանակում, որ արտացոլում են հանրության իրական պահանջները։ Իհարկե, քաղաքագիտական առումով դժգոհ մասսայի դժգոհությունը պիտի արտահայտի ընդդիմությունը, սակայն այսօր այն փաստացի պարալիզացված է։ ԲՀԿ-ն ոչ մի կերպ ընդդիմություն չես անվանի, այն ավելի շատ վերնախավի, միջին ու խոշոր բիզնեսի խառնուրդ է, որը, չստանալով ճնշող մեծամասնություն ԱԺ-ում, հիմա առավել ևս կաշկանդված է լինելու։ Միակ ընդդիմությունը մնում է ԵԼՔ-ը, որը, սակայն, իր 9 ներկայացուցիչով դժվար կարողանա քաղաքական որոշումների վրա ունենալ որոշիչ ազդեցություն։ Ընդդիմության այս պարալիզացիան, իմիջիայլոց, կարճ չի տևելու։ Քանի որ ընդդիմադիր նախկին ազդեցիկ ուժերն առյաժմ խաղից դուրս վիճակում են հայտնվել, ապա այս պարագայում կարևոր է դառնում այն հանգամանքը, թե նրանք կարող են արտախորհրդարանական պայմաններում գործունեություն ծավալել, թե փակվելու են, գնան տներով։ Մոտ ապագայում, երբ ունենանք նաև այս հարցի պատախանը, արդեն որոշակի պատկերացում կկազմենք Հայաստանի քաղաքական քարտեզի հետագա կառուցվածքանության վերաբերյալ։