2007 թ-ին, երբ Տեր-Պետրոսյանը գրեթե 10 տարի հետո վերադառնում էր մեծ քաղաքականություն, 90-ականների իշխանության նկատմամբ արդարացի կամ ոչ արդարացի, սակայն հստակ վատ վերաբերմունք կար: Դրան նախորդող տարիների քարոզչությունն էլ իր հերթին օգնել էր, որպեսզի ՀՀՇ-ի հետ կապվեին երկրում առկա բազմաթիվ արատավոր երևույթները: Մի մասում երևի ճշմարտություն կար, մի մասում՝ ոչ, բայց, համենայն դեպս, քչերն էին սպասում, որ առաջին նախագահի վերադարձը կարող է վերաճել նման ժողովրդական ալիքի: Բացասական ռեյտինգից դեպի երկրի ամենապահանջված պետական-քաղաքական գործիչներից մեկը դառնալու ճանապարհն ընդամենը 3-4 ամիս տևեց: 2009 թ-ից հետո, սակայն, այդ նույն ռեյտինգը հետևողականորեն մսխվեց, ինչի տրամաբանական ավարտն էլ եղավ երեկ. իր գլխավորած ուժը չկարողացավ անգամ 5 տոկոսը հաղթահարել: Պատճառները շատ են, իսկ իմ կարծիքով՝ հիմնական պատճառը իր նվիրյալ շատ թիմակիցներին ներպալատական խարդավանքի մասնագետներով փոխարինելու անհասկանալի ցանկությունն էր: Տեր-Պետրոսյանը տպավորիչ որակներով պետական գործիչ է, ինչ-որ առումով եզակի, բայց պատերազմական ժամանակ խաղաղության կոչերով հանդես գալու ու հողեր զիջելու հրապարակային հայտարարություններին պատերազմող հասարակությունը, երևի, պատրաստ չէր: Ու էդպես ավելի լավ եղավ, որ պատրաստ չէինք, չնայած իր պես շատերն են մտածում, բայց երևի մենակ ինքն է, որ այդքան կամք ունի՝ բաց խոսելու: Հող չենք տալու, մնացյալն էլ թող պատմությունն ու ժամանակը դատեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: