«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի...»։ Սրանք Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն էին։ Գետաշենում էլ զոհվեց Թաթուլը։ Այսօր նրա ծննդյան օրն է, 60-ամյակը...
1991-ին մեր Շահումյանի շրջանում սրվում էր պատերազմական իրադրությունը ու ականավոր մարտիկների մեծ մասը հենց այնտեղ էին կենտրոնացած. Թաթուլ Կրպեյան, Լեոնիդ Ազգալդյան, Ջիվան Աբրահամյան, Շահեն Մեղրյան, ով ծնունդով հենց Շահումյանից էր, Կարոտ Մկրտչյան, Դավիթ Սարապյան (Դև) և այլ քաջ հայորդիներ։ Ու այս օրերին, երբ կարդում եմ արցախահայության հասցեին հնչող ատելության խոսքը, «տանձ ու ջուր» չտալու մասին հիմար խոսակցությունները, հիշում եմ, թե ինչպես էինք մենք Շահումյանի շրջանում պահում մեր ֆիդայիններին, ինչպես էինք նրանց կերակրելու համար «կռիվ անում»։ Ինձ համար խորթ են այդ սեպ խրող բամբասանքները, որովհետև ես նման բան չեմ տեսել։ Մեր շրջանն Արցախի հարուստ ու ծաղկուն շրջաններից է եղել, ու անգամ շրջափակման ժամանակ հացի խնդիր գրեթե չենք ունեցել, եղածն էլ կիսել ենք մեր զինվորների ու հրամանատարների հետ։
Թաթուլն Արցախի անկախության համար պայքարի իրական առաջամարտիկի լավագույն կերպարն էր, ով 4-րդ կուրսում կիսատ թողնելով համալսարանական կրթությունը, 1990 թվականից մեկնել էր Գետաշեն ու երկու դպրոցներում որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ էր աշխատում։ Գետաշենում էլ կռվեց ու զոհվեց նա։ Ու Գետաշենում մնաց Թաթուլի հոգին։ Մնաց, որպեսզի հիշեցնի՝ ոմանք մեռնում են՝ ապրեցնելու համար։
Ծնունդդ շնորհավոր, հզոր հայորդ։ Երանի քեզ, որ չես տեսնում այս ամենը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել