Այսօր մեզանում տիրող մթնոլորտը բնութագրող Ս. Սարգսյանի գնահատականը չափազանց մեղմ է և խնայող: Գաղջության մթնոլորտ չէ սա, այլ գարշանքով և ժանտահոտությամբ հագեցած մի դժոխային վերջալույս է հիշեցնում… Մեր իրականության այս օրերին մենք ազգովին հասել ենք մի հանգրվանի, որտեղ մի չնչին բանի համար անգամ պատրաստ ենք իրար կոկորդ կրծելով ոչնչացնել մեկս մյուսին: Հանդուրժողականության ու փոխզիջման, փոխադարձ հարգանքի և խոնարհության, բարոյականության ու առաքինության, սիրո ու փոխօգնության բոլոր հատկանիշներն ու մարդուն վայել բնավորության գծերը մի կողմ են դրված և փոխարինված են իրենց հակոտնյաներով:
Այսօր ՄԵԿԻ, առանձին անհատի, ԻՐ ընտանիքի, «ախպերության», համքարության, հասարակական մի սուտ կազմակերպության, կուսակցության և բազմազան ու բազմաբնույթ բոլոր տեսակի շահերը գերակա են պետության, անգամ ՀԱՅՐԵՆԻՔԻ շահերից: Մենք անկեղծորեն ուրախանում ենք «հակառակորդ» կազմակերպության, առանձին անհատի սայթաքումներով ու անհաջողություններով: Օրինակ՝ խոսքերի, ձևականությունների հարթություններում, իբր ընդդիմություն ենք և «ամեն բանի պատրաստ ենք» ընտրությունների միջոցով գործող իշխանություններին «տապալելու» համար, սակայն իրականում (վերջին ընտրությունները դրա վառ օրինակն էին) միայնակ մնացած ընդդիմադիր թեկնածուին ոչ ոք չօգնեց, չսատարեց: Կրկնում եմ` ոչ ոք: Միայն Հ. Բագրատյանը, էլ չեմ ասում, «կոյս մադամի» կեցվածքով լուսանկարվող կուսակցություններից գոնե որևէ մեկն անգամ եթե հայտարարեր իր ձայները Ր. Հովհաննիսյանին տալու մասին, վստահ եմ՝ դա պայթող ռումբի ազդեցություն կունենար, և նրա ձայները կավելանային երկրաչափական պրոգրեսիայով, և եթե դա է կարևորագույնն այսօր, ապա վստահ եմ՝ Ր. Հովհաննիսյանը վաղուց արդեն նստած կլիներ բաղձալի աթոռին: Սակայն դա տեղի չունեցավ, քանզի աշխատեց «ավելի լավ է թող հարևանի կովը սատկի» մտայնությունը:
Բավականին երկար ժամանակ է, որ մենք, չգիտակցելով անգամ, թե ինչ ենք անում, այս ուղին ենք բռնել, որը մեկ խոսքով կարելի է որակել՝ որպես ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈՒՄ: Իրադարձությունների այս ընթացքը հիշեցնում է Բագրատունյաց Անիի կործանման ժամանակները: Ամեն բան կարծես ընթանում է ճիշտ և ճիշտ նույն սցենարով…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=318128614979248&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել