Որքան այս պահին հասկանում եմ, «ընտրակաշառք» կոչվող դրամաբաժանման դերը վճռորոշ է եղել ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան այն հարցում, թե ում օգտին կքվեարկի դրամը վերցնողը, որքան որ դրամը վերցնողը կգնա քվեարկության: ՀՀ բնակչության մի մասի կողմից ընտրությունները ոչ այնքան իշխանության ձևավորման միջոց են, որքան ձևական քայլ՝ իշխանությունը վերահաստատելու: Այս իմաստով նրանց համար երկրորդական է ընտրությանը մասնակցելու խնդիրը, քանի որ «առանց ինձ էլ նույն բանն է լինելու», բայց դրամ ստացողը պարտավոր էր ցուցադրել ընտրությանը մասնակցությունը: Այդպես ապահովվեց «ընտրազանգվածի» քանակությունը: Շատ հավանական է, որ այդ ընտրողները քվեարկել են իրենց դրամը տված կոնկրետ վարկանիշային թեկնածուի օգտին՝ առանց կարևորելու նրա կուսակցական պատկանելությունը, այսինքն՝ չեն քվեարկել կոնկրետ կուսակցության օգտին: Երեկվա քվեարկությանը ՀՀԿ-ի օգտին «ընտրակաշառքային տիրույթում» դրամով քվեարկածների քվեարկությունը կարելի է գնահատել նաև «Ծառուկյանի դաշինքի» հետ մրցակցությունում՝ որպես դեմ քվեարկողներ: Վերջիվերջո, որևէ հետազոտություն չունենք, որը ցույց տա, թե ընտրակաշառք վերցնող մարդիկ ընտրակաշառք առաջարկողների միջև ընտրություն անո՞ւմ են կամ ընտրության հնարավորություն ունե՞ն՝ ումից վերցնեն, եթե առաջարկողները մեկից ավելի են, և եթե ընտրության հնարավորություն ունեն և ընտրություն անում են՝ ինչո՞վ են առաջնորդվում.
ա/առաջինն առաջարկողով,
բ/փողի չափով,
գ/ապահովության հեռանկարով,
դ/առաջարկող անձի կամ խմբի նախասիրությամբ,
ե/ վստահելիությամբ,
զ/ գաղափարական կամ ապահովության զգացմունքներով, այլ...
Բոլոր դեպքերում «ընտրակաշառքային էլեկտորատն» այլևս առանց վերլուծության չպետք է թողնել, այլապես արդեն ակնհայտ է, որ այս գործընթացը կարող է ուղղորդվել ցանկացած խմբի կողմից և արդեն նկատելիորեն ազդում է մեր երկրի ներքին ու արտաքին խնդիրների վրա:
Այնուամենայնիվ, երեկվա ընտրությունները ցույց տվեցին, որ մասնավորապես ՀՀԿ կուսակցությունն ունի իր լուրջ էլեկտորատը, ամենատարբեր մոտիվացիաներով, բիզնես, վարչական և կարգավիճակային/կարիերային շահագրռություններով կապվածությունից մինչև երկրի ներքին և արտաքին քաղաքականության առկա ընթացքով պայմանավորված անհատների և խմբերի շահերն ու ծրագրերը, այդ թվում՝ ԵԱՏՄ կառույցի մեջ ներգրավվածությունը: Սա փոքր թիվ չէ, և նրանք «կորցնելու բան ունեն»: Սրանց պետք է ավելացնել որոշ թվով գաղափարական կուսակիցներին և համակիրներին: Կարծում եմ, որ ՀՀԿ էլեկտորատի ծանրակշիռ մասն այլևս «հավատարիմ էլեկտորատ» է, և չնայած առնետավազքի դրսևորումները չեն բացառվում, այնուամենայնիվ, այն արդեն վճռորոշ չի լինի: Կարծում եմ՝ սա նշանակում է նաև, որ ՀՀԿ-ի վրա և ՀՀԿ-ի հետ աշխատելու ծրագրերը պետք է վերանայել և լրջացնել, մի կողմից՝ մեծացնել ազդեցության հնարավորությունների ծավալները, մյուս կողմից՝ փորձել նպաստել գաղափարական սնուցման խողովակների մեծացմանը: Ծաղրելը, զայրանալը, քննադատելը անհրաժեշտ, բայց բավարար պայմաններ չեն: Պետք է ամեն ջանք գործադրել՝
ա/ ՀՀԿ-ին հասարակական պահանջմունքներից կախվածության մեջ գցելու,
բ/ վերլուծված և փաստարկված ծրագրերը պարտադրելու:
Երեկվա ընտրությունները վերջապես հաստատեցին Օրինաց երկիր-Վերածնունդ կոչված մարդկանց խմբի վաղուց հայտնի գաղափարական դատարկությունն ու կուսակցական սնանկությունը՝ մերկացնելով նաև էլեկտորատի բացակայության փաստը:
Մի փոքր տարօրինակ է թվում ՀՅԴ-ի վիճակը: Կարելի է հաստատ պնդել, որ այս կուսակցության գաղափարների զգալի մասը համակիրների անհամեմատ մեծ թիվ ունի, քան նույնիսկ նախորդ ընտրություններին արտահայտվեց, բայց երեկվա ընտրություններն առհասարակ շատ տխուր պատկեր ցուցադրեցին: Ցավոք, լուրջ վերլուծություններ չկան, բայց առաջնային դիտարկումները թույլ են տալիս հավանականության մակարդակով վարկած առաջադրել, որ դաշնակցության դեմ աշխատել է
ա/ ՀՀԿ-ի հետ դաշինքը,
բ/ սոցիալիստական գաղափարների երկրորդայնացումը,
գ/ Հայաստանում ՀՅԴ-ի առաջնորդների վարկանիշների նվազումը և խարիզմատիկ առաջնորդի բացակայությունը,
դ/ ԵԱՏՄ-ի մաս կազմելու անվերապահ կողմնորոշումը,
ե/ դաշնակցության ձայների մի մասը տարել է ՀՀԿ-ի և Ծառուկյան դաշինքի ընտրակաշառքը:
Կարծում եմ՝ քննարկելու և հասկանալու հարց է «ԵԼՔ» դաշինքի նախնական հաջողությունը: Դաշինքի մասերը տարբեր նախապատմություն ունեն՝ ՀԱԿ, Հանրապետություն, Լուսավոր Հայաստան, բայց ինձ թվում է՝ դրանցից ոչ մեկն այս ընտրություններին «ԵԼՔ»-ի օգտին դեր չեն խաղացել, որոշ իմաստով էլ բացասական դեր են ունեցել: Դեր խաղացել են անձերի հետևողական վարքը և կանխատեսելի անելիքը: Չնայած ոչ այնքան վճռական, «ԵԼՔ»-ն, այնուամենայնիվ, վերապահումներ ունի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում, ռադիկալ է տրամադրված Արցախի հարցի լուծման նկատմամբ բանակցային գործընթացում առկա փաստաթղթերի որոշ բանաձևումների դեմ, բայց առավել վճռորոշ գործոնը նրանց՝ տնտեսության վայրի ազատականացման և Հայաստանի բնակչության սոցիալ-մշակութային դեգրադացիայի դեմ պայքարելու կամքի նկատմամբ հավատն է: Այս իմաստով, թվում է, «ԵԼՔ»-ի էլեկտորատը միանգամայն գիտակցված էլեկտորատ է. «ԵԼՔ»-ին ընտրել են, և եթե «ԵԼՔ»-ը չհիասթափեցնի իր ընտրողներին, նա քաղաքականապես կայունանալու և կշիռ ստանալու շանս ունի: