Պարբերաբար գյուղացիները և ֆերմերները բարձրաձայնում են գյուղատնտեսական տեխնիկայի կայանների ստեղծման, օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրները:
Գյուղտեխնիկայի խնդրին լուծում տալու համար գործադիրի նիստում ընդունել է «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագրի մասին որոշումը: Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է բարձրորակ ծառայությունների մատակարարմամբ, նպաստել որակական և ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միևնույն ժամանակ ապահովելով հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաև հնարավորություն տալ ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերման ծախսերից:
Նշենք, որ ծրագրի իրականացումը նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետության բարձրացման, մշակվող հողատարածքների քանակի ավելացման, գյուղացիական տնտեսությունների բարեկեցության բարձրացման և գյուղական համայնքների զարգացման համար: Սա հատկապես արդիական է փոքր հողատարածքներ մշակող ֆերմերների համար, քանի որ ակնհայտ է, որ նրանց համար որևէ տեսակի գյուղտեխնիկայի ձեռքբերումը խնդրահարույց է: