Հայաստանի կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև կնքվել է դրամաշնորհային համաձայնագիր Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար դրամաշնորհ հատկացնելու նպատակով:
Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային փաստաթղթերը թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի իրականացմանը նպաստելու նպատակով Ճապոնիայի կառավարությունը շնորհելու է մինչև 138,9 մլն ճապոնական իենի չափով դրամաշնորհ:
Նշված գումարի հատկացումը հնարավորություն կտա նոր սարքավորումներ ձեռք բերելու Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվի թվայնացման համար: Ծրագրի նպատակն արխիվի թվայնացման համապատասխան սարքավորումների տեղադրման միջոցով Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում պահվող հսկայածավալ և բազմաբնույթ անալոգային ձայնագրությունների վերականգնումը, պահպանումը ու թվայնացումն է և թվայնացված ձայնագրություններին համացանցի միջոցով հասանելիություն ունենալու նպատակով հանրության համար առցանց միջավայրի ստեղծումն է: Միևնույն ժամանակ, սույն համաձայնագիրը իրապես կնպաստի Հայաստանի մեդիա ոլորտի զարգացմանը, ինչպես նաև մշակույթային արժեքների պահպանմանը: